Araratnews.am-ը շարունակում է ներկայացնել հանրապետության այն համայնքներն ու այդ համայնքներում առաջադրված թեկնածուների ցուցակը, ովքեր մասնակցելու են նոյեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին:
Մեր նախորդ հրապարակումներում ներկայացրել էինք Արագածոտնի, Արարատի եւ Գեղարքունիքի մարզում այս առումով տիրող իրավիճակը: Այժմ ներկայացնում ենք Շիրակի մարզի այն համայնքները, որտեղ հաջորդ ամիս կընտրեն համայնքի ղեկավար եւ ավագանի:
Ի տարբերություն վերը նշված երեք մարզերի, որտեղ մրցակցությունը հիմնականում ընթանում է ՀՀԿ-ՀՀԿ- անկուսակցական թեկնածուների միջեւ, Շիրակի մարզում համայնքի ղեկավարի եւ ավագանու թեկնածուներ առաջադրել են նաեւ ԲՀԿ-ն եւ ՀՅԴ-ն:
Շիրակի մարզի Ախուրյան համայնքում ԲՀԿ-ն առաջադրել է ԲՀԿ-ական Կարեն Սերգոյանի թեկնածությունը: Ախուրյանի գործող գյուղապետ ՀՅԴ-ական Արծրունի Իգիթյանն ինքնաառաջադրվել է: Ինքնաառաջադրվել են նաեւ Բասենի գործող գյուղապետ ՀՀԿ-ական Համլետ Պետրոսյանն ու անկուսակցականներ Լեւոն Գեղամյանը, Գերասիմ Համբարյանն ու Վանիկ Մկրտչյանը:
Առաջադրված ամենաշատ թեկնածուներ ունեցող համայնքներից է նաեւ Շիրակի մարզի Անի համայնքը: Այստեղ առաջադրված 7 թեկնածուից Մարալիկի քաղաքապետ ՀՀԿ-ական Արտակ Գեւորգյանի թեկնածությունն առաջադրել է ՀՀԿ-ն, ԲՀԿ-ական Հակոբ Աղաբեկյանի թեկնածությունը՝ ԲՀԿ-ն, ինքնաառաջադրվել են Մարալիկի 2-րդ միջնակարգ դպրոցի ՀՀԿ-ական տնօրեն Խաչատուր Բուլոյանը եւ անկուսակցականներ Հրաչյա Աճեմյանը, Աղասի Առաքելյանը, Ձիթհանքով գյուղի դպրոցի ուսուցիչ Ռոստամ Բալաբեկյանն ու Ձիթհանքովի գյուղապետ Հովիկ Պողոսյանը:
ՏԻՄ ընտրություններ տեղի կունենան նաեւ Շիրակի մարզի Մարմաշեն համայնքում: Առաջադրվել է 4 թեկնածու: ՀՀԿ-ի թեկնածուն այնտեղ կլինի Քեթի համայնքի ՀՀԿ-ական ղեկավար Թորգոմ Սահակյանը: Ինքնաառաջադրվել են Մարմաշենի ՀՀԿ-ական գյուղապետ Աշոտ Եղոյանն ու ՀՅԴ-ական Կարեն Արշակյանը: Մարմաշենում ինքնաառաջադրվել է նաեւ Մայիսյանի անկուսակցական գյուղապետ Հակոբ Բաղդասարյանը:
Ըստ էության, Շիրակի մարզում ՏԻՄ ընտրությունները խոստանում են լինել բավականին ինտրիգային, նկատի ունենալով նաեւ այն հանգամանքը, որ համայնքների խոշորացումը և դրա արդյունքում նշանակված նոր ընտրությունները հերթական առիթն են Հայաստանը ազդեցության գոտիների բաժանելու համար:
Մամուլում տեղեկություններ են հրապարակվել, որ Շիրակի մարզից իր կտորը ունենալու համար մղվող պայքարին է միացել նախկին մարզպետ, ՀՀԿ-ական պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը: Շիրակը ազդեցության գոտիների բաժանելու հարցում այժմ մրցակցում են Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը, Շիրակի մարզից պատգամավոր ընտրված Արման Սահակյանը, նախկին պատգամավորներ Մարտուն Գրիգորյանը, Մուշեղ Պետոյանը և 2017 թ. «Ծառուկյան» դաշինքով պատգամավոր ընտրված Վարդան Ղուկասյանը:
Փայլակ Ֆահրադյան