տուն ժամանց Կինո Պատրաստ եմ ստանձնել վարչապետի պաշտոնը

Պատրաստ եմ ստանձնել վարչապետի պաշտոնը

158
0

ՀՀ Ազգային ժողովի «Ելք» դաշինքի պատգամավոր Էդմոն Մարուքյանը վարչապետ Կարեն Կարապետյանին հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է ինքը Լիբանանի գործարարներին կոչ արել Հայաստանում ներդրումներ անել, եթե Հայաստանում գործարարների շահերը պաշտպանող ՀԿ-ները հարցազրույցներ են տալիս, որ ՓՄՁ-ը մեր երկրում  շնչահեղձ է լինում, հարյուրավոր ՓՄՁ-ներ փակվել են:

Կարեն Կարապետյանն ասաց, թե վիճակագրությունը հակառակն է ցույց  տալիս՝ փոքր եւ միջին ձեռնարկատերերի թիվն աճել է.  «Կառավարությունն աշխատում է դրա համար: Հստակ գիտենք՝ ի՛նչ ենք փոխել, ի՛նչն է նպաստել աճին»,- ասաց գործադիր մարմնի ղեկավարը:

Էդմոն Մարուքյանի երկրորդ հարցը վերաբերում էր Կարեն Կարապետյանի այն հայտարարությանը, թե հաջորդ վարչապետի հայտնի չլինելն ազդում է բիզնեսի վրա: Այս դեպքում ինչպե՞ս պետք է բիզնեսմենները ներդրումներ անեն Հայաստանում: «Պետք է ստեղծել այնպիսի համակարգ, որ  բիզնես անել-չանելն անձից կախված չլինի: Բայց կան մարդիկ, որոնք դրան արձագանքում են  (նկատի ունի վարչապետի անձի կարեւորումը- խմբ.)»,- պատասխանեց կառավարության ղեկավարը:

Էդմոն Մարուքյանը արձագանքելիս վարչապետին հարցրեց՝ եթե նա է լինելու Հայաստանի առաջին փոխվարչապետը, քանի որ կարծես պարզ է Հայաստանի հաջորդ վարչապետի անունը (նկատի ունի, որ վարչապետի պաշտոնը կզբաղեցնի  Սերժ Սարգսյանը-հեղ.), դա ինչպե՞ս կազդի բիզնեսի վրա:  «Ես Ձեր հարցին պատասխանեցի»,- ասաց Կարեն Կարապետյանը:

Պատգամավորը չհասցրեց սահմանված ժամանակում  հստակեցում անել: Սակայն լսելի էր, որ  կարծես հարցնում է՝ ո՞վ է լինելու Հայաստանի հաջորդ վարչապետը:  «Դրա մասին քննարկում եղե՞լ է, որ պատասխանեմ: Ինձ հարցրել են՝ պատրա՞ստ եք վարչապետի պաշտոնը ստանձնել: Ասել եմ՝ այո»,- ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Սոնա Դավթյան