տուն Լուրեր Պատմական առոչինչ

Պատմական առոչինչ

144
0

azgayin

Ընտրական օրենսգրքի շուրջ «4+4+4» ձևաչափի շրջանակներում իշխանության և ընդդիմության ներկայացուցիչների միջև համատեղ հայտարարության ստորագրումը, առանց չափազանցության, կարելի է պատմական իրադարձություն համարել: Նման հայտարարություն 2016 թվականի հունիսի 17-ին արել էր Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: Իշխանությունների հետ բանակցությունների մեջ մտած, բայց իրեն արմատական ընդդիմադիր համարող ՀԱԿ ներկայացուցիչը պատմական է համարում մի հայտարարության տեքստ, որը գրված էր միայն թղթի վրա եւ կյանքի կոչվելու որեւէ հեռանկար չուներ այն պարզ պատճառով, որ գոնե Լեւոն Զուրաբյանը պետք է իմանար, որ գործող իշխանությունների խոստումներին չպետք է հավատալ: Բայց ավազակապետական բուրգը ժամանակին կազմաքանդող ՀԱԿ ներկայացուցիչը ձեռք բերված պայմանավորվածությունը որակում էր պատմական, իսկ թե ինչ համոզմունքով` թողնում ենք Զուրաբյանի երեւակայությանը:

Իսկ ի՞նչ էր տեղի ունենում մինչև Զուրաբյանի ասած` պատմական պահի արձանագրումը: Խորհրդարանական ուժերը, իշխանությունների հետ աշխատանքային ժամից հետո, հասարակական կազմակերպությունների ոլորտի որոշ ներկայացուցիչների հետ հավաքվում էին, քննարկում Ընտրական օրենսգրքում առկա, իրենց բնորոշմամբ` վիճելի դրույթները` ըստ էության շրջանցելով մեկ պարզ ճշմարտություն. Հայաստանում, եթե անգամ գրվի կատարյալ Ընտրական օրենսգիրք, այն չի ապահովի ազատ եւ արդար ընտրական գործընթաց, եթե իշխանությունների մոտ բացակայում է ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու քաղաքական կամք: Հայաստանում 96 թվականից ի վեր անցկացված ցանկացած ընտրություն վերը նշվածի վկայությունն է:

4+4+4 ձևաչափով ամիսներ շարունակվող բանակցություններից հետո` հունիսի 16-ին, իշխանությունը հայտարարեց, որ պատրաստ է քաղաքացիական հասարակության և ընդդիմության ներկայացրած հինգ պահանջից չորսին լուծումներ տալ և, ըստ այդմ, փոփոխություններ կատարել Ընտրական օրենսգրքում։

Այդ փոփոխությունների համաձայն` կուսակցությունների համար հասանելի կլինեն ընտրությանը մասնակցած անձանց ցուցակները անգամ այն ընտրատեղամասերում, որտեղ նրանք չեն ունեցել հանձնաժողովի անդամներ կամ վստահված անձինք։ Ընտրողները քվեարկությանը կմասնակցեն միայն նույնականացման քարտերով, որոնք պետությունը մինչև ընտրությունները կտրամադրի անվճար։ Քվեարկությունից առաջ կստուգվեն նաև ընտրողների տասը մատնահետքերը։ Բոլոր 2000 տեղամասերում կտեղադրվեն տեսախցիկներ, ընտրական գործընթացը կհեռարձակվի նաև ուղիղ եթերով։

Ուզում էին լիներ լավը, ստացվեց ինչպես միշտ: Երեկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արտահերթ նիստում Ընտրական օրենսգրքի վերաբերյալ մինչև սեպտեմբերի 1-ը սպասվող հայտարարությունը չարեց, ասել կուզի` հունիսին ընդունված Ընտրական օրենսգրքի փոփոխությունների օրինագիծը չեղյալ է համարվում:

Հայաստանում 4+4+4= 0-ի:

Նշենք, որ իշխանությունների հետ ամիսներ շարունակ բանակցած քաղաքական ուժերից կարծիքներ ստանալ այդպես էլ չի հաջողվում: ԿԸՀ հայտարարությունից հետո նրանք ԶԼՄ ներկայացուցիչների համար անհասանելի են դարձել:

Փայլակ Ֆահրադյան