տուն Լուրեր Պատասխան են տալու. ՇՊՀ-ում սկանդալային զարգացումները շարունակվում են (լուսանկար)

Պատասխան են տալու. ՇՊՀ-ում սկանդալային զարգացումները շարունակվում են (լուսանկար)

142
0

Շիրակի պետական համալսարանում սկանդալային իրադարձությունները շարունակվում են: Հայաստանի կրթության եւ գիտության նախարարությունը դասախոսների պահանջով ուսումնասիրություն է կատարել, պարզելու համար, թե համալսարանի գրադարանում 2014-2015 թվականներին հաշվառված 138 հազար 161 գրքից ինչու է 15 տոննա գիրք հանձնվել վերամշակման:

«Ուսումնասիրվեց հիմնադրամի գրադարանային ֆոնդը, որի արդյունքում պարզվեց հետևյալը. մինչև 2013 թվականն ինստիտուտում ընդհանրապես գրադարանային ֆոնդը չի հաշվառվել, այսինքն՝ ո՛չ գույքագրում է իրականացվել, ո՛չ էլ նոր ստացված գրականությունը մուտքագրվել է հաշվապահություն, այլ միայն պրոռեկտորի հաշվետվություններում երևացել է մեկ տողով, թե քանի ուսումնամեթոդական, գեղարվեստական, գիտական և այլ տիպի գրականություն կա: Միայն 2013 թվականից են սկսել իրականացնել հաշվառում, սակայն շարունակել են գույքագրում չանցկացնել: 2016 թվականի մայիսին (նախկին ռեկտորի օրոք) մի մեծ քանակության գրականություն հանձնվել է որպես թափոն, որի փաստաթղթային հիմքերը չկան, իսկ մյուս չափաքանակը` 6 տոննա, կիլոգրամը` 30 դրամով, հանձնվել է 2017 թվականի սեպտեմբերի 29-ին: Վերջին խմբաքանակի հանձնման վերաբերյալ նյութերը և գրադարանի տնօրենի բացատրագիրը կցվում են»,- մասնավորապես, ասված է ԿԳՆ-ի պարզաբանման մեջ, որը Araratnews.am-ին է տրամադրել  ՇՊՀ դասախոս, քաղաքագետ Գագիկ Համբարյանը:

24172229_1548224551928155_1773733793_n

Մեզ հետ զրույցում Համբարյանը ակտը որակեց հերյուրանք: «Նախ` առաջինն այդ մասին հայտարարել է ինքը՝ Վարդեւան Գրիգորյանը ԶԼՄ-ներից մեկին տված հարցազրույցում, բացահայտ հերքելով այդ փաստը: Նա բացահայտ մեղադրում է ԿԳՆ փաստահավաք խմբին կեղծիքի մեջ: Ես ինքս էլ եմ մեղադրում»,- ասաց դասախոսը: Համբարյանի խոսքով՝ այստեղ այլ խնդիր էլ կա: «Բացի նրանից, որ ակտի մեջ նշված է, որ 2016 թվականի մայիսին է գրքերի ինչ-որ քանակ թափվել, նաեւ ներկայացված է եւս մեկ ապատեղեկատվություն այն մասին, որ երկրորդ խմբաքանակը՝ 6 տոննան, արդեն թափվել է ներկայիս ռեկտոր Սահակ Մինասյանի կողմից սեպտեմբերի 29-ին: Այստեղից հետեւություն, երբ որ ես սեպտեմբերի 25-ի երեկոյան ֆեյսբուքյան իմ էջում հրապարակում եմ ՇՊՀ գրադարանի գրքերի ողբերգական վիճակը, այսինքն` գրքերը թափված էին ինստիտուտի բակում, դրանից չորս օր հետո ռեկտորը ինչ-որ փաստաթուղթ է գնում ինչ-որ կազմակերպությունից, որ, իբր, ինքն այդ գրքերը թափել է սեպտեմբերի 29-ին: Կեղծ վկայություն տալով` պարոն Մինասյանի մերձավորները փորձում են հիմնավորել, թե այն թափված գրքերը, որ ես հրապարակել եմ իմ ֆեյսբուքյան էջում, իր օրոք չի եղել, այլ նախկին ռեկտորի»,- պատմեց Գագիկ Համբարյանը: Մինչդեռ նա հայտարարում է, որ դրանք թափվել են դեռեւս մայիս ամսին, իսկ այդ ժամանակ գրադարանի տնօրենը եղել է Գուրգեն Աղզմունցյանը: «Այս ակտի՝ գրադարանին վերաբերող մասից կարելի է լիովին պատկերացում կազմել, թե ինչպես են ԿԳՆ վայ-պաշտոնյաները փորձում կեղծել փաստաթղթերը եւ վկայությունները եւ պաշտպանել Սահակ Մինասյանին»,- ասաց Համբարյանը:

Նա ասաց, որ նախարարության աշխատակիցները հանդիպում չեն ունեցել գրադարանի նախկին տնօրենի հետ: Այս ամենը հիմքեր են տալիս ենթադրելու, որ փաստաթղթերը կեղծ են: «Անհայտ, զրպարտողի կողմից ցուցմունք է գրված ակտում, որ 2016 թվականի մայիս ամսին ինը տոննա գիրք է թափվել»,- ասաց Համբարյանը, շարունակելով պնդել, որ գրքերը ոչնչացվել են հենց Սահակ Մինասյանի օրոք: «Պարոն Մինասյանի բերած բոլոր փաստարկները կեղծ են: Ձեր միջոցով ես նաեւ ուզում եմ զգուշացնել ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանին եւ նրա կուսակցական ընկերոջը` ակտի հեղինակ Նորիկ Կարապետյանին, որ համապատասխան ատյաններում իրենք պատասխան են տալու եւ ներկայացնեն այն անձի անունը, ով կեղծ ցուցմունք է տվել այս ամենի վերաբերյալ»,- եզրափակեց ՇՊՀ դասախոսը:

Հավելենք, որ համալսարանի նախկին եւ ներկա ռեկտորներից պարզաբանում ստանալ չհաջողվեց: Ո՛չ Վարդեւան Գրիգորյանը եւ ո՛չ էլ Սահակ Մինասյանը մեր հեռախոսազանգերին չպատասխանեցին:

 Փայլակ Ֆահրադյան