տուն Լուրեր Պաշտպանում են Վիգեն Սարգսյանին` սպառնալով լրագրողներին. ոստիկանությունը դարձյա՞լ կլռի (լուսանկարներ)

Պաշտպանում են Վիգեն Սարգսյանին` սպառնալով լրագրողներին. ոստիկանությունը դարձյա՞լ կլռի (լուսանկարներ)

196
0

Օրերս «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում «Մեդիալաբ» կայքի տնօրեն և գլխավոր խմբագիր Մարիաննա Գրիգորյանի հասցեին սպառնալիքներ պարունակող գրառումներ են արվել:

«Ձեզ չի՞ թվում, որ չափն անցել եք: Նայեք` էն ֆրանսիական բանի օրը չընկնեք»,- գրել է մի օգտատեր՝ Գրիգորյանի ճշտող հարցին ի պատասխան հաստատելով, որ նկատի ունի ֆրանսիական «Շառլի էբդո» պարբերականի հետ տեղի ունեցածը: Հիշեցնենք, որ 2015 թվականի հունվարին այդ երգիծական շաբաթաթերթի դեմ իրականացված հարձակման հետեւանքով 12 մարդ էր զոհվել, ևս 10-ը վիրավորվել էին:

Սպառնալիքները զետեղվել են ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին անդրադարձող ծաղրանկարի ֆեյսբուքյան հրապարակման տակ՝ մեկնաբանության տեսքով։ «Բոշի ծաղիկները» անվանված ծաղրանկարը վերաբերել է նախորդ տարեվերջին պաշտպանության նախարարության կողմից պետական բյուջեի միջոցներով 7 մլն դրամի ծաղիկներ ու ծաղկային կոմպոզիցիաներ ձեռք բերելուն։

1medialab

«Առհասարակ, սպառնալիքներ մեր գործունեության ընթացքում պարբերաբար են հնչել, ե՛ւ մեկնաբանությունների տեսքով տարբեր ծաղրանկարների տեսքով, նաեւ հոդվածների տակ, ե՛ւ նաեւ առարկայական են եղել։ 2016 թվականի օգոստոսին մեքենայի ապակին կոտրեցին, ծաղրանկարները գողացան։ Ինչո՞ւ այս անգամ որոշեցի չլռել, որովհետեւ այս դեպքում ծայրահեղ էին սպառնալիքները եւ ակնարկները «Շառլի էբդո»-ի հետ, եւ հասկացա, որ այլեւս պետք չէ լռել»,- Araratnews.am-ի հետ զրույցում ասաց «Մեդիալաբ» կայքի տնօրեն և գլխավոր խմբագիր Մարիաննա Գրիգորյանը։ Նրա խոսքով` սպառնալիքներ հնչեցնող անձն ապա անցել է անձնական տիրույթ եւ սկսել անձնական նամակներով սպառնալ։ «Այս ամենը նորմալ չէ։ Նկարներ կան, որոնք կարող են ինչ-որ մեկին դուր չգալ, բայդ դա չի նշանակում, որ պետք է սպառնալիքներ հնչեցնել, դա ոտնձգություն է խոսքի ազատության դեմ»,- ասաց Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ ծաղրանկարի ոճն այն է, որ սատիրայի միջոցով ներկայացվում է տվյալ իրավիճակը, եւ, ըստ երեւույթին, այն դուր չի եկել ոմանց, որից հետո նրանք սկսել են սպառնալ։

medialab

Հարցին, թե վերջին սպառնալիքը եղել է Վիգեն Սարգսյանի ծաղրանկարից հետո, արդյոք կարելի՞ է ենթադրել, որ սպառնալիքներն արված են կամ իրենց անմիջական հրահանգով, կամ մասնակցությամբ, ի պատասխան Գրիգորյանն ասաց. «Ես չեմ կարող նման բան պնդել, քանի որ փաստեր չունեմ, մեկնաբանություն գրողն իր էջում հանդես էր գալիս նաեւ զինվորական համազգեստով, բայց ոչ ՊՆ, այլ ինչ-որ երկրում։ Ես չեմ կարող ասել` ո՞ւմ միջնորդությամբ է արվել, սակայն չենք ուզում հանդուրժել այս մոտեցումը»։

Նա նշեց, որ  այս գործում իրենց աջակցում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավարը եւ արդեն դիմել է ոստիկանություն։ Ի դեպ, Մարիաննա Գրիգորյանը հիշեցրեց, որ ամիսներ առաջ էլ սպառնացել էին լրագրող Մհեր Արշակյանին, ում խորհուրդ էին տալիս տանից դուրս գալուց հրաժեշտ տալ  հարազատներին, որովհետեւ այլեւս հետ չի գնալու։ «Այդ գործով եւս դիմել ենք ոստիկանություն, արդեն երեք ամսից ավելի է անցել, այդ անգամ ֆեյք էր գրողը, բայց ռեալ արդյունք ես չեմ տեսնում»,- նշեց նա։

Փայլակ Ֆահրադյան