Համաձայն ՀՀ վարչապետի սեպտեմբերի 6-ի որոշումների` մի շարք պաշտոնյաներ սեպտեմբերին կգործուղվեն տարբեր երկրներ:
Ստորև ներկայացնում ենք, թե որ պաշտոնյան որ երկիր կմեկնի և ինչ միջոցներով:
ՀՀ Կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը սեպտեմբերի 14-16-ը կգործուղվի Գերմանիայի Դաշնային Հանրապետություն (Համբուրգ)` «Լյուֆթհանզա» ավիաընկերության տնօրինության հետ աշխատանքային հանդիպմանը մասնակցելու համար: Նրա գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության արտաբյուջետային միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Բորիս Դեմիրխանյանը սեպտեմբերի 24-28-ը կգործուղվի Կորեայի Հանրապետություն (Բուսան)՝ Հեռահաղորդակցության միջազգային միության «Թելեքոմ Վորլդ-2017» խորագրով միջոցառմանը մասնակցելու համար: Գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն ՀՀ 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը սեպտեմբերի 9-10-ը կգործուղվի Իտալիայի Հանրապետություն (Վենետիկ)` Սուրբ Ղազար կղզում Մխիթարյան միաբանության հիմնադրման 300-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու համար: Ծախսերը, համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կկատարվեն նախարարության միջոցով իրականացվող 08 բաժնի 02 խմբի 05 դասի «04. Մշակութային միջոցառումների իրականացում» ծրագրի «Աշխատանք սփյուռքի համայնքներում» միջոցառումների համար նախատեսված միջոցների հաշվին:
Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը սեպտեմբերի 27-29-ը կգործուղվի Շվեյցարիայի Համադաշնություն (Ժնև)՝ սնդիկի վերաբերյալ Մինամատայի կոնվենցիայի կողմերի առաջին կոնֆերանսի բարձրաստիճան նախարարական հանդիպմանը մասնակցելու համար: Նախարարի գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը սեպտեմբերի 7-9-ը կգործուղվի Ղրղզստանի Հանրապետություն (Չոլպոն-Աթա) հարկային մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի 24-րդ նիստին մասնակցելու համար: Գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հարկային ծառայության մարմնի համակարգի և մաքսային ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը սեպտեմբերի 10-12-ը կգործուղվի Հունաստանի Հանրապետություն (Սալոնիկ)՝ «ԵԱՏՄ-Հունաստան» գործարար համաժողովին մասնակցելու համար: Նրա գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին: