Լուսանկարը՝ panoramio.com-ի
«Ես չեմ կարծում, որ սա Հայաստանի շրջափակում է, կամ ուղղված է Հայաստանի դեմ: Ի վերջո, Ռուսաստանը իրականացնում է բազմավեկտոր քաղաքականություն, նա նույնպես ունի ահագին հարցեր՝ ռազմավարական, ռազմաքաղաքական, որոնք պետք է լուծի ե´ւ Թուրքիայի, ե´ւ Ադրբեջանի հետ, եւ սա ուղղված չէ Հայաստանի դեմ»,-Araratnews.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն՝ անդրադառնալով Ռուսաստանի կողմից Ադրբեջանի հետ ռուսական ռազմական տեխնիկայի մատակարարման շուրջ բանակցություններին:
Նշենք, որ Ռուսաստանի ու Ադրբեջանի միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նստաշրջանից տեղեկատվություն է տարածվել, որ Ադրբեջանին ռազմական տեխնիկայի մատակարարման մասին բանակցությունները փակ ռեժիմով են ընթանում, եւ հիմնականում ընթանում են ռուսական ուղղաթիռների եւ զրահատանկային տեխնիկայի մատակարարման շուրջ բանակցություններ:
Դավիթ Բաբայանի խոսքով ՌԴ իշխանությունները մեկ անգամ չէ, որ ընդգծել են, թե Հայաստանը համարվում է ՌԴ-ի ռազմավարական դաշնակիցը: «Միեւնույն ժամանակ, իհարկե, Ադրբեջանի կողմից ժամանակակից զենքերի ձեռքբերումը՝ մանավանանդ Ադրբեջանի նման պետության համար, կարող է լինել վտանգավոր, քանի որ այդ պետությունն ագրեսիվ է, այդ պետությունը ֆաշիստական է, եւ ուշ թե շուտ այդ զենքն օգտագործելու է, կարող է նաեւ օգտագործել սեփական ժողովրդի դեմ»,- ասաց Բաբայանը, հավելելով, որ Ադրբեջանի զինումը պետք է դիտարկել, ոչ միայն ԼՂՀ հակամարտության տեսանկյունից. Ալիեւյան կլանը զինվում է՝ պաշտպանելու համար սեփական իշխանությունը:
Դավիթ Բաբայանն ասում է, նաեւ, որ ՌԴ-ն պետք է անի հնարավոր ամեն ինչ, որպեսզի այդ զենքերը չօգտագործվեն իր ռազմավարական դաշնակից Հայաստանի դեմ:
ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակն, անդրադառնալով աշնանը սպասվելիք Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպմանն, ասաց, որ սպասելիքները մեծ չեն: «Որեւէ բեկում չեմ ակնկալում, եւ կարծում եմ ՝ հիմնական շեշտը դրվելու է խաղաղության եւ կայունության պահպանման վրա»,- ասաց Բաբայանը:
Մեր դիտարկմանը, թե նմանատիպ շեշտադրումներ միշտ էլ դրվել են, բայց կարճ ժամանակ անց Ադրբեջանը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը՝ Դավիթ Բաբայանը տվեց հետեւյալ պատասխանը.«Ժամանակը կգա, եւ կտան իրենց օգուտը, բայց նման հանդիպումներ շատ են պետք, մենք դեռ ճանապարհ ունենք անցնելու»: