Araratnews.am-ին տեղեկություններ են հասել, որ այս տարվա սկզբից Նուբարաշենի հանրային տրանսպորտը՝ 47 համարի միկրոավտոբուսն ու 10 համարի ավտոբուսը, ուշ-ուշ են աշխատում: Ուղեւորները հատկապես երեկոյան ժամերին ստիպված են 15 րոպեից ավելի սպասել: Մեզ հասած տեղեկություններով՝ Նուբարաշենը սպասարկող 10 համարի երթուղու ավտոբուսների թիվը կրճատվել է, որի պատճառով ավելացել է վարորդների ծանրաբեռնվածությունը: Վարորդներից մեկի խոսքով՝ եթե ավտոբուսների քանակն ավելանա, ապա ստիպված չեն լինի սկզբնակետից վերջնակետ սպասարկել առանց հանգստի: «Գնում ենք «կանեց» ու նորից արագ պետք է գիծ մտնենք, քանի որ մեքենաների քանակը քիչ է»,- ասաց նա:
10 համարի ավտոբուսի վատ աշխատանքի մյուս պատճառը, ըստ տեղեկությունների, Նուբարաշենը սպասարկող միկրոավտոբուսային 47 համար երթուղին է, որի սեփականատերը դժգոհում է ուղեւորների պակասից՝ մեղքը գցելով 10 համարի ավտոբուսային երթուղու վրա: Ու որպեսզի «պասաժիրի» կռիվ չլինի, 10 համարի ավտոբուսը ստիպված պետք է սպասի՝ 2 հատ 47 համարի միկրոավտոբուս անցնի, որից հետո շարժվի Նուբարաշենից:
Տեղեկացնենք, որ մեկ տարուց ավելի է, որ 10 համարի ավտոբուսը սպասարկում է Նուբարաշենը: Բնակիչները մեզ ասացին՝ երբ նոր էր սկսել աշխատել, գոհ էին, քանի որ սպասարկում էին ուղեւորներին ժամացույցի ճշգրտությամբ:
Araratnews.am-ը Երեւանի քաղաքապետարան գրավոր հարցում էր ուղարկել՝ պարզելու լուրերի իսկությունը, ապա ճշտելու, թե ինչ փուլում են Երեւանի նոր տրանսպորտային ցանցի ստեղծման քննարկումները: Մեր տեղեկությունները հաստատվեցին՝ 10 համարի երթուղու աշխատանք իրոք վատացել է, սակայն ուղևորահոսքի փոքրացման պատճառով մեծացել են շարժման միջակայքերը միայն Ամանորի տոնական և դրան հաջորդող օրերին: «Ներկայումս երթուղին սպասարկվում է 9 միավոր շարժակազմով, առաջիկայում կավելացվի ևս մեկ միավոր ավտոբուս»,- տեղեկանում ենք գրավոր պատասխանից:
Ի դեպ, ավտոբուսային համար 10 երթուղին սպասարկում է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն, իսկ միկրոավտոբուսային համար 47 երթուղին՝ «ՎիԱռ» ՍՊԸ-ն, որի հետ կապ հաստատել չկարողացանք կոնտակտների բացակայության պատճառով:
Ինչ վերաբերում է Երևանի նոր տրանսպորտային ցանցին, ապա աշխատանքները վերանայման և լրամշակման փուլում են:
Սոնա Դավթյան