ՀՀ Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն իր հանձնարարականների շրջանակում անդրադարձավ շինարարության թույլտվությունների տրամադրմանը: «Անհրաժեշտ ենք գտնում կատարելագործել շինարարական թույլտվությունների տրամադրման գործընթացը, պարզեցնել այդ ոլորտում իրականացվող վարչարարությունը և բարձրացնել դրա մատչելիության աստիճանը: «Գործարարությամբ զբաղվելը» 2018 թվականի զեկույցում անդրադարձ էր կատարվել շինարարական թույլտվությունների տրամադրման ոլորտին, և արձանագրել էին որոշակի խնդիրներ: Ստեղծված իրավիճակը բացասաբար է ազդում առհասարակ շինարարության ոլորտի զարգացման վրա: Օրենսդրության համաձայն` տեղական ինքնակառավարման մարմինների կողմից են թույլտվությունները տրամադրվում, սակայն դրանց տրամադրման նորմատիվ մեխանիզմները պետք է լինեն հստակ, կանխատեսելի, իսկ կայացվող որոշումները` խիստ պատճառաբանված: Միաժամանակ գործող օրենսդրությամբ ոլորտային լիազոր մարմնին վերապահված չեն ողջամիտ վերահսկողական մեխանիզմներ»,- նշեց Կարապետյանը:
Հաշվի առնելով վերոնշյալը` Կարապետյանը հանձնարարեց տարածքային կառավարման և զարգացման նախարարին, քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին, իսկ Երևանի քաղաքապետին առաջարկեց երկամսյա ընթացքում համատեղ մշակել շինարարական թույլտվությունների տրամադրման գործընթացի պարզեցման, հստակեցման, գործուն էլեկտրոնային գործիքների ներդրման, ինչպես նաև ողջամիտ վերահսկողական մեխանիզմներ սահմանելուն ուղղված մեխանիզմներ և դրանք ներկայացնել Կառավարության աշխատակազմ: «Պարոն Սարգսյան, երկու ամիսը շատ չէ՞»,- իր խոսքն ուղղելով քաղաքաշինության կոմիտեի նախագահ Նարեն Սարգսյանին հարցրեց վարչապետը, որին ի պատասխան վերջինս նշեց, որ մինչև դեկտեմբերի երկրորդ կեսը բավարար ժամանակահատված է: