Այսօր աշխարհում նշվում է պարենի միջազգային օրը: Հայաստանում ոլորտի հետ կապված խնդիրների մասին Araratnews.am-ը զրուցեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանի հետ, ով նշեց, որ մենք պարենի ոլորտում առկա երեք ուղղություններում էլ խնդիրներ ունենք:
«Պարենային ապահովության մասով մենք տեսնում ենք, որ ինքնաբավության ուղղությամբ կատարվող աշխատանքները, մեղմ ասած, բավարար չեն: Ավելին, մենք տեսնում ենք, որ ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող ոլորտներում մենք անկում ենք արձանագրում: Ռազմավարական, գործողությունների, քաղաքականության տեսանկյունից մենք միանշանակ կաղում ենք»,- նշեց պարոն Պիպոյանը:
Ինչ վերաբերում է պարենի անվտանգությանը, մեր զրուցակիցն ընդգծեց. «Հրապարակվում են բազմաթիվ խնդիրներ, և, ըստ էության, այս ուղղությամբ կատարվող աշխատանքներից դժգոհությունն անգամ պետական մակարդակով է: Այսինքն` բոլորն են գիտակցում, որ ունենք վատ վերահսկողություն: Պարենային ապրանքների հումքի անվտանգության մոնիթորինգ գրեթե չի իրականացվում, դաշտերի նկատմամբ չկա վերահսկողություն. վատ վիճակ ունենք»:
Բաբկեն Պիպոյանը նաև հավելեց, որ այսօր Հայաստանը գյուղատնտեսության շուկայում զարգանալու և առաջընթաց գրանցելու լուրջ հնարավորություններ ունի, բայց սխալ քաղաքականության պատճառով չի կարողանում անել այն, ինչ կարող է. «Հայաստանն ունի ռեալ հնարավորություն գյուղատնտեսական երկիր դառնալու: Բայց այս ուղղությամբ ռազմավարություն չի մշակվում, որովհետև երբ տարբեր երկրներից գալիս են Հայաստան, պարենային հումքի համային որակները բավականին լավն են, այսինքն` մեր կլիման այնպիսին է, որ մենք կարողանում ենք համեղ ապրանքներ, մթերքներ ստանալ, բայց մենք տեսնում ենք, որ զարգացման ռիթմերը վատն են, և այն ցուցանիշները, որոնք արձանագրել է այս պահին գյուղոլորտը»:
Նրա խոսքով` եթե ուզում ենք ճիշտ գյուղատնտեսություն, դա նշանակում է, որ պետք է ունենանք ճիշտ քաղաքականություն. «Պետք է այնպես անենք, որ ապահովագրողը հասկանա, որ պետությունը քայլեր է ձեռնարկում ռիսկերը նվազեցնելու համար: Մենք պետք է հասկանանք` ո´ւմ ենք օգնում, ո´ւմ չենք օգնում, մենք պետք է օգնենք ոչ թե բոլորին, այլ նրան, ով աշխատում է մինուսով: Եթե մենք այս ամենը չենք անում և թողնում ենք, որ շուկան ինքնակարգավորվի, ավելին` պետական մակարդակով էլ ասում են` որ, դե լավ, հիմա շուկայական գին է կարգավորվում, եթե գյուղացին ինքնարժեքից տեղյակ չէ, եթե առատ բերքի ժամանակ մթերումն է խնդիր առաջացնում, դեֆիցիտի ժամանակ գնաճ է լինում, ու պետությունը որևէ քայլ չի ձեռնարկում այս ուղղությամբ… ինչի´ մասին է խոսքը»:
Իսկ որակի առումով խախտումներ միշտ են արձանագրվում: Բայց բոլոր դեպքերում, ինչպես նշում է Բաբկեն Պիպոյանը, հանրային վերահսկողությունը բացահայտում է, իսկ պետական վերահսկողությունը, որ պետք է վերացնի արդեն բացահայտված խախտումները, չի արվում: