«Աջ ղեկ» նախաձեռնության անդամներն այսօր կառավարության առաջ են հավաքվել եւ պահանջում են չեղարկել կառավարության որոշումներից մեկը, ըստ որի՝ այս տարվա ապրիլից աջ ղեկով մեքենաների ներկրումն արգելվելու է: Նախաձեռնության անդամների խոսքով՝ այս որոշումը հակասահմանադրական է: Ակցիայի մասնակիցները ցանկանում են հանդիպել վարչապետ Կարեն Կարապետյանի հետ, որն այսօրվանից արձակուրդում է: Բողոքավորներին լսելու իջավ Կառավարության քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչություն պետ Ալեքսանդր Ղազարյանը: «Գո՞հ եք Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում տեղի ունեցած հանդիպումից»,- հարցրեց Ալեքսանդր Ղազարյանը ակցիայի մասնակիցներին: «Որ գոհ լինեինք, ի՞նչ էինք անում այստեղ»,-պատասխանեցին քաղաքացիները: Կառավարության ներկայացուցիչը հորդորեց ակցիայի մասնակիցներին գրավոր ներկայացնել իրենց առաջարկները, ապա հիշեցրեց՝ աջ ղեկով մեքենաների ներմուծման մասին արգելքը նախագիծ է:
Ակցիայի մասնակիցներին մոտեցավ նաև ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության տրանսպորտային վարչության ներկայացուցիչը: Նա տեղեկացրեց, որ նախարարությունը վերանայում է աջ ղեկային համակարգ ունեցող մեքենաների վերահաշվառման հարցը: Կառավարության որոշման նախագծից վերահաշվառման արգելքը վերացվում է: Դա նշանակում է, որ աջ ղեկ ունեցողները կարող են շահագործել, նվիրել կամ վաճառել իրենց մեքենան, բայց ներկրել այլեւս չեն կարող:
Սոնա Դավթյան