Պետք է ասեմ, որ ընդդիմադիր երկու դաշտը հավասարվեց, երկուսն էլ ընդդիմություն են, չգիտեմ՝ այս մի գիշերվա մեջ ի՛նչ է եղել: Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ ի նկատի ունենալով «Ծառուկյան» ու «Ելք» խմբակցություններին։
Նրա խոսքով՝ ինքը տպավորություն է ստացել, որ որոշ քաղաքական գործիչներ ընդհանրապես չեն կարդացել կառավարության ծրագիրը. «Որովհետև խոսում են, թե տարածքների համաչափ զարգացման մասին բան չկա, կամ խոսում են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հետ կապված: Ի նկատի ունեցեք` այս ամբողջ ծրագիրը խոսում է մեր անվտանգության ու առաջընթացի մասին»:
«Պարո՛ն Փաշինյան, Ձեր դիրքորոշումը Ղարաբաղում, երբ որ մենք շրջում էինք սահմաններում, և Ձեր հիացմունքը, թե մենք ինչպես ենք հզորացրել սահմանները, մենք ինչպես ենք կարողացել այդ սարքավորումները տեղադրել, այստեղ լրիվ այլ ելույթներ եք ունենում, դա ընդունելի չէ»,- ասաց Վահրամ Բաղդասարյանը։
Անդրադառնալով «իրոնիայով» խոսող քաղաքական գործիչներին` Բաղդասարյանն ասաց, որ ակամայից հիշում է երջանկահիշատակ Վահան Հովհաննիսյանի «պադյեզդի» պատմությունը։
«Ես խնդրում եմ` այդ հեգնանքով խոսող նորաթուխ քաղաքական գործիչները, որոնք որ փորձառու վարչապետի կամ կառավարության մասին խոսում են հեգնանքով, նրանք հիշեն այդ պադյեզդի պատմությունը, դա շատ վտանգավոր պատմություն է»,- ասաց նա։
Այս խոսքին տեղից արձագանքեց Նիկոլ Փաշինյանը, Վահրամ Բաղդասարյանն էլ պատասխանեց. «Դու նորաթուխ չես, է՜, դու բավականին փորձառու ես»։
Արձագանքեց նաև ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը. «Վահրա՜մ, Նիկո՜լ, Վահրա՜մ, Նիկո՜լ, մի րոպե»։
«Նիկո՛լ, քո մասին չէր, խի՞ ես վեր ունում»,- լոռեցու բարբառով ասաց Բաղդասարյանը։
«Մեր մասին տենց չխոսես, շշով կտամ վաբշե, պադյեզդի մակարդա՞կ ես ուզում, արի գնանք խոսենք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
«Կարգի՛ հրավիրեք էս երիտասարդին»,- արձագանքեց ՀՀԿ խմբակցության ղեկավարը։
Քվեարկությունից առաջ վարման կարգով Բաղդասարյանի ելույթին անդրադարձավ նաեւ «Ելք» դաշինքի խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը: «Պարո՛ն Բաղդասարյան, ուզում եմ ձեզ հիշեցնել, որ ի տարբերություն ձեր կուսակցության, մեր կուսակցության նորընտիր պատգամավորներն ամեն օր մասնակցել են քարոզարշավի, պադյեզդներով են ման եկել ու ունեն այն հեղինակությունը, որ իրենց ձայներով են հասել այստեղ: Հասկանում ենք, ու ձեր խոսքը վերաբերում էր ձեր կուսակցության անդամներին, ովքեր սրան-նրան քսմսվելով են հասել այստեղ»,- ասաց Գորգիսյանը:
Արձագանքեց նաեւ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, հանդարտության կոչ անելով, քանի որ 105 պատգամավորներն էլ ժողովրդի կողմից են ընտրվել:
Մանրամասները՝ տեսանյութում:
Տեսանյութերը՝ «Ա1+»-ի