ՀՀ ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ Նախագահի պաշտոնանկության գործընթաց սկսելու նախաձեռնության վերաբերյալ թերևս միայն ՕԵԿ-ը հստակ դիրքորոշում ունի՝ չի միանա, եռյակը՝ «Ժառանգությունը», «Հայ ազգային կոնգրեսը» և «Բարգավաճ Հայաստանը» հարցը դեռևս չեն քննարկել, իսկ «Հայ Յեղափոխական Դաշնակցությունը» սպասում է փաստաթղթին։
Նշենք, որ ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնանկության մասին որոշման նախագիծ է պատրաստում, որից հետո դիմելու է ԱԺ ոչ իշխանական ուժերին՝ անհրաժեշտ 44 ստորագրությունները հավաքելու և հարցը արտահերթ կարգով քննարկելու համար:
Tert.am-ի հետ զրույցում ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության անունից կուսակցության մամուլի խոսնակ Արթուր Մինասյանը նշեց, որ ՕԵԿ պատգամավորները չեն ստորագրի նախաձեռնության տակ։
«Եթե նույնիսկ նախաձեռնությունը մտնի ԱԺ օրակարգ, ՕԵԿ-ը դրան դեմ է քվեարկելու։ Մեր տեսակետը հստակ է, մենք բազմաթիվ անգամ արդեն հայտարարել ենք Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջելու մասին և ասել, որ 6 տարի եղել ենք կոալիցիոն գործընկերներ և 2013թ. նախագահական ընտրություններում պաշտպանել ենք Սերժ Սարգսյանի թեկնածությունը, հետևաբար՝ բարոյական տեսանկյունից ճիշտ չէ պահանջել Սերժ Սարգսյանի հրաժարականը»,-ասաց նա և նշեց, որ նախաձեռնությանը չմիանալու մեկ այլ պատճառ է այն, որ Սերժ Սարգսյանը հեռացող նախագահ է, և նա հայտարարել է, որ այլևս չի առաջադրվելու որպես նախագահի թեկնածու։
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ գործընթացին միանալու հարցին կարող է տալ պատասխան «եռյակ ֆորմատը», իսկ երբ կլինի քննարկում և որոշում, այդ ժամանակ էլ կասեն իրենց որոշումը։
Ինչ վերաբերվում է այն հայտարարություններին, թե դա թեստ կլինի եռյակի համար, Վահան Բաբայանը հակադարձեց. «Ես չեմ կարծում, որ Նիկոլ Փաշինյանն է, որ պետք է թեստավորի կամ թեստ անցկացնի, եռյակն այն քաղաքական ուժերն են, որոնք վայելում են հասարակության լիակատար աջակցություն ու վստահություն, որի վառ արդյունքն է համաժողովրդական շարժումն իր հանրահավաքներով և այսօրվա պրոցեսներով։ Ինչ-որ մի պատգամավոր՝ առանձին վերցրած, չի կարող թեստ անցկացնել մեր գործունեության վերաբերյալ»։
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ եռյակում հարցը չի քննարկվել, ինչ վերաբերվում է իրենց խմբակցությանը, ապա նշեց, որ խմբակցության պատգամավորներն ազատ են իրենց գործունեության մեջ, և եթե կարիք լինի վարչությունում քննարկելու, ապա կարող են նաև քննարկել այդտեղ։
Արմեն Մարտիրոսյանը նշեց, թե ինքը չի կարծում, որ ընդդիմության ներկայացուցիչներն իրար հետ պետք է թեստային լեզվով խոսեն, այն դեպքում, երբ նման թեստեր շատ կան Հայաստանում։
«Բազմապիսի թեստեր կան, ես էլ շատ հանգիստ կարող եմ ասել, որ բոլոր նրանք, ովքեր 2013թ. նախագահական ընտրություններից առաջ չսատարեցին Րաֆֆի Հովհաննիսյանին, իրենք ընդդիմադիր չեն։ Բայց ես չեմ ընդունում, որ ընդդիմության ներկայացուցիչներն իրար հետ պետք է թեստային լեզվով խոսեն, որովհետև տարբեր պատկերացումներ կան, տարբեր իրավիճակներ են եղել, ուստի չեմ կարծում, որ այդ լեզվով խոսելը ճիշտ է»,-ասաց նա։
Իսկ թե ամեն դեպքում այս փուլում անհրաժեշտություն տեսնո՞ւմ է, « Ժառանգության» փոխնախագահը նշեց, որ ինքն այդ անհրաժեշտությունը տեսնում էր 2013թ. նախագահական ընտրություններից առաջ։
«Այսօր խորհրդարանում մեծամասնություն չկա, իսկ իմպիչմենտը ժողովրդի կողմից քվեարկություն չի, նախընտրական շրջանի կազմակերպում չի, ձայները պահելու գործընթաց չի, այլ ընդամենը խորհրդարանի քայլ է, որտեղ կա դե ֆակտո մեծամասնություն։ Օրենքը հնարավորություն է տալիս, բայց իրականությունը հնարավորություն չի տալիս՝ նախագիծն անցնի, որովհետև 2/3 է պետք իմպիչմենտի համար, իսկ խորհրդարանի ոչ թե 1/3-ը, այլ՝ մեծամասնությունը ՀՀԿ-ից է, և պարզ է, որ իրենք այդ քայլին չեն գնա»,-ասաց նա և հավելեց, թե տակտիկական առումով քաղաքական ուժերն իրենց զինանոցը պահելու խնդիր ունեն։
«Տարբեր քայլեր կան, տարբեր հերթականություն կա, որ պետք է արվեն, որ այդ նախաձեռնությունը կյանքի կոչվի, բայց ցանկացած պարագայում, թող լինի, չի խանգարում, ինչ-որ տենց վատ զգալու իրավիճակ, չեմ կարծում, լինի։ Յուրաքանչյուրն իր պատկերացումների շրջանակում է գործում, իր հաշվարկներն ունի և ըստ դրա գործում է»,-ասաց նա։
ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ Փաշինյանի անունն անընդհատ հոլովվում է, այն դեպքում, երբ փաստաթուղթ չեն ստացել։ «Ես հայտարարություններին չեմ պատրաստվում պատասխանել, եթե խոսքը գնում է կոնկրետ փաստաթղթի վերաբերյալ կարծիք արտահայտելու մասին։ Կլինի փաստաթուղթ՝ մեր տեսակետը կարտահայտենք»,-ասաց նա։
Մանրամասներն՝ այստեղ: