Խորհրդային Միության փլուզումից հետո հայկական հեռուստաընկերությունները սկսեցին ցուցադրել բրազիլական, վենեսուելական, կոլումբիական հեռուստասերիալներ: Դրանցից մեկը «Կասանդրա» հեռուստասերիալն է (նկարահանված 1992-ին), որը սիրեց հայ հանդիսատեսը:
Շաբաթներ առաջ Araratnews.am-ը զրուցել էր սերիալի գլխավոր դերասանուհի Կորայմա Տորեսի հետ: Հարցազրույցի հրապարակումից հետո մեր ընթերցողները պահանջեցին հարցազրույց նույն սերիալի գլխավոր դերակատար Օսվալդո Ռիոսի հետ, որը սերիալում խաղում է Իգնասիո-Լուիս Դավիդի կերպարները: Ընդառաջելով մեր ընթերցողների խնդրանքին՝ Araratnews.am-ը հրապարակում է Օսվալդիո Ռիոսի հետ մեր բացառիկ հարցազրույցը:
Պարո՛ն Ռիոս, նախ թույլ տվեք շնորհակալություն հայտնել, որ համաձայնեցիք զրուցել մեզ հետ: Անկեղծ ասած՝ Կորայմա Տորեսի հետ հարցազրույցից հետո ընթերցողները պահանջեցին հարցազրույց նաև ձեզ հետ:
Շատ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ այս հնարավորության համար, քանի որ այս հարցազրույցով կարող եմ արձագանքել Հայաստանի հիանալի մարդկանց:
Կարո՞ղ եմ ենթադրել, որ «Կասանդրա» սերիալը մինչ օրս ձեր այցեքարտն է:
Իհարկե, «Կասանդրան» արդեն ավելի քան 20 տարի է, որ այցեքարտ է եւ «հրավիրատոմս» 150 երկրում: Այն թարգմանվել են 30 լեզվով: Ու չնայած ինձ չեն հրավիրել Հայաստան, հուսամ՝ այս հարցազրույցից հետո հայկական հեռուստաընկերությունները կհանդիպեն ինձ հետ: Ես երկրպագուների մեծ խումբ ունեմ Հայաստանում, որոնցից յուրաքանչյուրին կցանկանայի գրկել եւ հայտնել իմ մեծ սերը:
«Կասանդրա» սերիալում խաղում եք հակադիր դերեր՝ Իգնասիո եւ Լուիս Դավիդ: Դժվա՞ր չէր դրանք կերտելը:
Երկու զույգ եղբայրներին ներկայացնելը իմ դերասանական կարիերայում ամենադժվար խնդիրն էր: Նրանք տարբերվում էին միմյանցից, հակադիր էին: Ես այդ մասին անընդհատ պետք է հիշեի, որ չշփոթեի կերպարները: Այնուամենայնիվ, աշխատանքն արդյունք տվեց: Այդ կերպարի շնորհիվ ես այցելեցի 50 երկիր, հանդիպեցի բարձրաստիճան շատ մարդկանց հետ ամբողջ աշխարհում:
«Կասանդրայից» հետո խաղացիք այլ սերիալներում եւս: Կուզենայի իմանալ՝ նոր նախագիծ հիմա ունե՞ք:
Այո՛, «Կասանդրայից» հետո աշխատանքներ եմ արել կինոյում, թատրոնում հեռուստատեսությունում: 2011 .թ-ից աշխատում եմ որպես գործադիր պրոդյուսեր Հոլիվուդում, նկարահանում ֆիլմեր Շիրլի Մակլեինի, Քրիստոֆեր Պլամերի, Շարլիզ Սթերոնի, Ջեսիկա Լանժի, Դեմի Մուրի եւ Մայքլ Քեինի եւ այլոց հետ: Ներկայումս երկու նախագծի համար եմ աշխատում «Նետֆլիքսի» համար:
Ձեր գործունեությունը բավական լայն է՝ մոդել, երգիչ, դերասան: Ո՞ր ոլորտում է իրացնում իրեն Օսվալդո Ռիոս արտիստը:
Իմ ողջ կյանքում շատ բան եմ արել: Իմ ծննդավայրում՝ Պուերտո Ռիկոյում, աշխատել եմ նաև կլինիկական հոգեբան, եղել եմ տնօրեն երիտասարդների բաժանմունքում: Հիմա ինձ դուր է գալիս ստեղծել սոցիալական պահանջներին համապատասխան արվեստ եւ մարդկանց տալ ներդաշնակություն եւ լույս:
Հիմա դուք ավելի շատ խաղո՞ւմ եք, թե՞ միայն պրոդյուսեր եք:
Ես առաջվա պես շարունակում եմ դերասանի կարիերան իմ շատ նախագծերում: Հիմա պլանավորում եմ վերադառնալ իսպանական հեռուստաընկերությունում TELEMUNDO-NBC ունիվերսալ ցանցի մասնաճյուղով, բայց դա անել Մայամիում, որտեղ ապրում եմ:
Դուք աշխատանքի մեծ փորձ ունեք: Ըստ Ձեզ՝ ի՞նչ է փոխվել կինոյի ոլորտում, ի՞նչ նոր միտումներ կան, ինչպե՞ս է զարգանում այսօր կինոն:
Կինոյի եւ զվարճանքի աշխարհը շատ է փոխվել: Սմարթֆոնների ի հայտ գալուց հետո հանդիսատեսը հեռուստացույց չի նայում կամ չի ասում, թե ինչ նկարահանել: Հիմա իրենց ուզած ծրագրերը նայում են սմարթֆոնով ցանկացած ժամի եւ ցանկացած վայրում: Մարդկանց նախասիրություններն էլ են փոխվել: Հիմա խաղադրույք են անում ավելի կարճ սերիաների համար, որոնք տարբերվում են ավանդական, «վարդագույն» թեմաներով հեռուստասերիաներից: Ինձ համար այս փոփոխությունն արդյունավետ էր, քանի որ ինձ հնարավորություն տվեց ստեղծելու տարբեր թեմաներով նախագծեր ամեն ճաշակի հանդիսատեսի համար:
Դուք ձեր խաղացած կերպարներից որի՞ն եք ամենաշատը նման:
ՈՉ ՄԵԿԻՆ: Ամեն կերպար կերտվել է յուրովի՝ շեշտը դնելով այդ կերպարի խառնվածքի վրա: Գուցե «Բլանկոյի այրին» հեռուստասերիալի գլխավոր հերոս Դիեգո Բլանկոյի բնավորության գծերն էին ամենաշատն ինձ նման:
Ձեր կերպարները կերտելիս ի՞նչ սկզբունքով եք առաջնորդվում:
Ես հաճախ եմ օգտագործում արտիստական տեխնիկայի մեթոդը եւ կարդում Ստանիսլավսկու «Դերասանը խոսում է» գիրքը: Մանրակրկիտ եւ պերֆեկցիոնիստ եմ՝ ձգտում եմ կատարելության: Սիրում եմ ուսումնասիրել իմ հիշողության տեսարանները, շատ եմ աշխատում իմ սցենարի համար:
Մարդիկ, ԶԼՄ ներկայացուցիչները հաճախ են քննարկում հայտնի մարդկանց անձնական կյանքը: Ինչպե՞ս եք դրան վերաբերվում: Հայտնի մարդկանց անձնական կյանքը պե՞տք է բաց լինի հանրության համար:
Կարծում եմ՝ յուրաքանչյուր մարդու անձնական կյանքը պետք է լինի ԱՆՁՆԱԿԱՆ: Դա միջազգային իրավունք է, որը վերաբերում է բոլորին: Միաժամանակ հասկանում եմ, որ մենք պարտավորված ենք հանդիսատեսի առաջ, բայց ժամանակ առ ժամանակ ավելի է լավ է այդ մասին չխոսել, մարդկային ձեւով լռել:
Մամուլը գրեց, որ դուք հիմա հանդիպում եք Լյու Ռոդրիգեսի հետ: Ո՞վ է նա Ձեր կյանքում:
Լյու Ռոդրիգեսն իմ զուգընկերուհին է արդեն մեկ տարի: Նա հիանալի կին է եւ 4 երեխաների մայր, որոնք գերեցին իմ սիրտը: Ես սիրում եմ նրան եւ շատ հարգում:
Ձեր եւ երգչուհի Շակիրայի հարաբերությունների մասին եւս գրեց մամուլը…
Ես եւ ՇԱԿԻՐԱՆ որոշ ժամանակ հանդիպել ենք: Այդ սիրային հարաբերություններից ես մինչ օրս ունեմ հիանալի հուշեր: Նա ինձ մի քանի երգ նվիրեց իր «Որտեղ են գողերը» (Donde Están Los Ladrones) ալբոմից: Ես էլ նրան նվիրված գեղեցիկ բանաստեղծությունների գիրք: Մինչ օրս ես ընկերություն եմ անում նրա եղբոր՝ Տոնինոյի հետ, իսկ Շակիրային մաղթում եմ ամենալավը: Ես ուրախ եմ, որ նա երջանիկ է ընտանիքում իր երեխաներով:
Յուրաքանչյուր տղամարդ յուրովի է բնութագրում կնոջը: Ո՞վ է ձեզ համար կինը:
Աստծո ամենագեղեցիկ եւ կատարյալ էակը, որը մեզ կյանք է պարգեւում եւ լույս մեր կյանքի բոլոր օրերում: Առանց կնոջ կյանք չկա: Առանց կնոջ բնությունը, մարդկությունը չէր լինի:
Խոսենք մի փոքր ձեր նախասիրություններից: Ինչպե՞ս եք սկսում Ձեր օրը: Մեկ բաժակ սուրճ, թե՞...
Ես աշխատում եմ 12-14 ժամ: Արթնանում եմ առավոտյան ժամը 5-ին: Սկսում եմ օրս Պուերտո Ռիկոյից բերված մեկ գավաթ լավ սուրճով, յոգայի հերթական սեանսով, ֆիզիկական վարժություններով եւ լողով, նախաճաշում եմ եւ գնում աշխատանքի: Շատ ժամանակ եմ անցկացնում երեք երեխաներիս հետ: Ես նախեւառաջ ծնող եմ, եւ դա է ինձ համար ամենակարևորը: ԼԻՆԵԼ ՀԱՅՐ: Իմ երեխաներն իմ աչքի լույսն են, իմ գոյության իմաստը:
Ազատ ժամանակ ինչո՞վ եք զբաղվում:
Սիրում եմ զբաղվել սպորտով բացօթյա վայրում: Սիրում եմ ճանապարհորդել եւ համտեսել տարբեր ուտեստներ: Ես շատ եմ սիրում ուտել, ուտում եմ շատ, սիրում եմ լավ ռեստորաններ: Սիրում եմ գնալ թատրոն եւ կինո: Որպես արվեստի ներկայացուցիչ՝ ազատ ժամերին գրում եմ ինչ-որ լավ պատմությում կամ բեմադրություն անում:
Ո՞րն է ձեր հաջողության գաղտնիքը:
Բարեվարքությունը: Միշտ անել լավ գործեր, եթե անգամ դրանց ոչ ոք ներկա չէ կամ չեն նկատում, որ գնահատեն այն: Խանդավառությունն ու հաստատակամությունը չեն կարող չլինել, եթե խոսքը մեր նպատակների ու երազանքների մասինն է:
Վիքիպեդիայի ռուսական բաժնում Օսվալդո Ռիոսի կենսագրության մեջ գրված է՝ ունի հայկական ծագում: Դա ճի՞շտ է:
Ցավոք, դա սխալ է: Իմ ընտանիքը ծնունդով Աստուրիայից է՝ Իսպանիայի հյուսիսից: Ես ունեմ Կարիբյան ավազանի հնդկացիների եւ աֆրիկացիների արմատներ: Մենք պուերտոռիկացի ենք, իսպանացիներ:
Ի՞նչ գիտեք հայերի, Հայաստանի մասին: Ճանաչո՞ւմ եք հայտնի հայերի: Ունե՞ք հայ ընկերներ:
Ցավոք, Հայաստանն այն քիչ երկրներից է, որտեղ որպես միջազգային արտիստ չեմ եղել: Հայաստանում շատ երկրպագուներ ունեմ, որոնք ինձ գրում են ամեն օր: Ես էլ որպես ընկեր պատասխանում եմ նրանց սոցիալական ցանցերում: Կցանկանայի լինել Հայաստանում, հանդիպել երկրպագուներիս հետ, ինչպես դա արել եմ այլ երկրներում:
Ինստագրամի ձեր էջում ես նկատեցի, որ համամարդկային խնդիրներով եք հետաքրքրվում՝ շրջակա միջավայրի պահպանություն եւ այլն: Պատմեք, խնդրում եմ, այդ նախաձեռնության մասին:
Ես միշտ զգայուն եմ աշխարհում անարդարության հանդեպ: Իրավունքների ընդլայնման եւ հնարավորությունների Համաշխարհային առաքելության ֆոնդի օգնությամբ հումանիտար առաքելության շատ աշխատանքներ ենք արել ոչ միայն Պուերտո Ռիկայում, այլեւ այլ երկրներում: Ես հավատում եմ Հռոմի Պապի խոսքին. «Ով չի ապրում ծառայելու համար, նա չի ծառայում՝ ապրելու»:
Հետադարձ հայացք գցելով ձեր անցյալին՝ ինչի՞ համար եք ափսոսում եւ ինչի՞ համար եք շնորհակալ:
Չեմ ափսոսում ոչ մի բանի համար: Եթե նորից ծնվեի, կանեի նույն բանը: Շնորհակալ եմ Աստծուն, որ թույլ է տվել ապրել եւ 30 տարի զբաղվել իմ սիրած աշխատանքով եւ այն ներկայացնել մարդկանց: Կարծում եմ՝ շուտով անձամբ կտեսնեք իմ գործունեությունը: Թող Աստված պահպանի ձեզ: Ձեր չմոռացվող Օսվալդո Ռիոս: Գրկում եմ եւ համբուրում ԲՈԼՈՐԻԴ:
Հ.Գ. Օսվալդո Ռիոսին կարող եք հետեւել Ինստագրամում եւ Ֆեյսբուքում եւ նրա անձնական կայքում:
Սոնա Դավթյան