Վերջին 30 տարվա մեջ առաջին անգամ «Օսկարի» մրցանակաբաշխությունն մնացել է առանց հաղորդավարի, քանի որ դերասան Քեւին Հարթը մերժել է այն վարելու առաջարկը: Մրցանակաբաշխության 91-րդ միջոցառման հեղինակները որոշել են այս տարի հեռուստադիտողների ուշադրությունը կենտրոնացնել այն հանրաճանաչ մարդկանց վրա, որոնք կհանձնեն մրցանակները. այդ մասին հայտարարել է ABC Entertainment ընկերության նախահահ Կերի Բերկը:
Նշենք, որ Հարթը հրաժարվել է միջոցառումը վարել այն բանից հետո, երբ համացանցում ակտիվորեն սկսել են քննարկել եւ իրեն քննադատել 2009-2010 թվականներին սոցիալական կայքերում կատարած գրառումների համար, որոնցում նա ծաղրել էր համասեռամոլներին: Համընդհանուր ուշադրության կենտրոնում հայտնվելուց հետո դերասանը սկզբում փորձել է թեման եզրափակել՝ հայտարարելով, որ արդեն 40-ամյա տղամարդ է եւ ամենեւին չի պատրաստվում ներողություն խնդրել երիտասարդ հասակում արված անհաջող արտահայտությունների համար, պնդելով, որ բոլորն են մեծանում եւ փոխում իրենց հայացքները: Սակայն՝ տեսնելով, որ մեղադրանքների ալիքն այնուամենայնիվ չի հանդարտվում, Կինոակադեմիայի պահանջով նա ի վերջո ներողություն է խնդրել ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներից նախկինում արած արտահայտությունների համար: