Պետք է իսկապես անկեղծ գնահատական տանք, որ 2008-ից հետո հանրապետությունում ստեղծվել է նոր իրավիճակ և խոսքը միայն տնտեսական իրավիճակի մասին չէ:
Այսօր այս մասին ԱԺ նիստի ժամանակ իր ելույթում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
«Մենք չենք կարողանում դուրս գալ բացասական սպասումների ֆոնից և տեսնում ենք, թե ինչ տնտեսական դանդաղում է, ինչ աղքատությունը և իշխանությունն էլ չի թաքցնում այդ ամենը: Հովիկ Աբրահամյանի ձևավորած նոր կառվարության ժամանակ Սերժ Սարգսյանը հստակ ասեց, որ երկու բան պետք է անի նոր Կառավարությունը: Պետք է վերականգնի վստահությունը և ապահովի տնտեսական աճ,-ասաց Մելքումյանը:
Անդրադառնալով սահմանապահ շրջանների գյուղական համայնքներին հարկային արտոնություններ տրամադրելու մասին Կառավարության նոր օրենսդրական փաթեթին, Միքայել Մելքումյանը ասաց, որ այս նախագծի գաղափարին ԲՀԿ-ն կողմ է, բայց նախագծում ներկայացված է միայն ֆինանսական, հարկային քաղաքականությունը, և բացակայում է տնտեսական մասը:
«Պատշաճ կլիներ այն ներկայացումը, եթե լիներ համակարգային և ներկայացվեր ամբողջ սահամանամերձ գոտու ներուժը: Այսինքն այստեղ պետք է նաև էկոնոմիկայի նախարարության ազդեցության տեղեկանքը լիներ, որպեսզի ֆինանսատնտեսական պատկերը երևար»,- ասաց Մելքումյանը: