Ճարտարապետների և ճարտարագետների համահայկական ասոցիացիան ստեղծել է օրացույց Արևմտյան Հայաստանի տարածքում անհետացած եկեղեցիների մասին:
2009 թվականին ստեղծված այս ընկերակցությունը համագործակցում է Սփյուռքի նախարարության հետ, և այդ շրջանակներում նախաձեռնել են 2 ծրագիր:
«Առաջինը կոչվում է «Պատմիր քո պատմությունը», որով տեղեկություններ ենք հավաքում ամբողջ աշխարհում հայ ճարտարապետների, շինարարների մասին, որոնք Հայոց եղեռնի տարիներին զոհ են դարձել: Հաջորդը երկու օրացույցների հրատարակումն է: Առաջինը փորձն ենք կատարում Երևանում ներկայացնել բազմահարկ շենքերի ամրությունը, սեյսմակայունության ամրացման մեխանիզմները, մյուսը վերաբերում է Արևմտյան Հայաստանի տարածքում անհետացած հուշարձաններին, որով իրազեկում ենք Սփյուռքում այդ հուշարձաների մասին: Սա նաև որպես գործիք է՝ ներկայացնելու Հայոց Ցեղասպանությունը »,- ասաց ասոցիացիայի գործադիր տնօրեն Արփինե Դանիելյանը:
Ասոցիացիայի անդամ, ճարտարապետ Թելեմակ Անանյանն անդրադարձավ 2015-ին Հայոց Եղեռնի 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներին: 1913-ին Օսմանյան կայսրությունում գործել է 2549 եկեղեցի և, ըստ 1983թ. ՄԱԿ-ի ուսումնասիրությունների տվյալների կառույցներից 252-ը ավերված են, 400-ից ավելին ամբողջովին վերացվել են: Դրանք հիմնականում պայթեցվել են թուքերի կողմից, զորավարժությունների համար է օգտագործվել»,-ասաց Թելեմակ Անանյանը:
Նա նշում է , որ 2012-ի համեմատ 2013-ին ամբողջությամբ Թուրքիայում ավերվել ու վերացվել են նաև բազմաթիվ հայկական գերեզմաններ, խաչքարեր, վանքեր:
Նպատակ ունեն 10 հազար տպաքանակով ունենալ այդ օրացույցները և տարածել աշխարհում հայկական համայքների միջոցով, դիվանագիտական կորպուսի, մեր Սփյուռքի ներկայացուցիչների, եկեղեցու միջոցով: Ըստ նրանցˋ օրացույցները տարածվելու են նաև Թուրքիայում: