Կառավարության կառուցվածքային փոփոխությունները կարծես թե չեն շրջանցի նաև սոցիալական ապահովության պետական ծառայությունը: Մամուլը գրում է, որ մոտավորապես 600 աշխատակից, հնարավոր է՝ անգործ մնա, քանի որ ծառայությունը կրճատվելու է:
Araratnews.am-ի տեղեկություններով՝ խոսքը ոչ թե կրճատման, այլ սոցիալական ապահովության ոլորտի մի քանի հիմնարկների վերակազմակերպման կամ լուծարման մասին է, որոնց շարքում է նաև սոցիալական ապահովության պետական ծառայությունը: Ըստ տեղեկությունների՝ ծառայության ճակատագիրը կորոշվի մինչեւ ապրիլի 1-ը:
Araratnews.am-ը կապ հաստատեց ծառայության պետի պարտականությունները կատարող սոցիալական ապահովության պետական ծառայության պետի առաջին տեղակալ Արայիկ Պարոնյանի հետ՝ պարզաբանում լսելու: «Լուծարման մասին գրավոր որեւէ առաջարկ չենք ստացել»,- ասաց Արայիկ Պարոնյանը:
Ինչպե՞ս է վերաբերվում պետի տեղակալն ընդհանրապես այս օպտիմալացումներին: Արայիկ Պարոնյանը չցանկացավ կարծիք հայտնել, քանի որ վերջնական փաստաթուղթ չկա:
Սոնա Դավթյան