Սպառողների ազգային ասոցիացիան ուսումնասիրել է օպտիկական ակնոցի շուկան եւ պարզել՝ օպտիկական ակնոցի սերտիֆիկատ ունի տնտեսվարողների ընդամենը 10 տոկոսը:
Խնդրի մասին սպառողների ազգային ասոցիացիան տեղեկացրել է Էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության տեսչական մարմնին, որը, սակայն, հրաժարվել է ստուգել այդ ոլորտը: «Ինձ ասում են, որ ստուգում են միայն սերտիֆիկատի առկայության դեպքում: Սակայն եթե տնտեսվարողը չունի սերտիֆիկատ, ապա պետք է քայլեր ձեռնարկել: Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը իրականացնում է վերահսկողություն ապրանքների որակի եւ անվտանգության չափանիշների համապատասխան»,- պնդեց սպառողների շահերի պաշտպանը Araratnews.am-ի հետ զրույցում:
Արմեն Պողոսյանը օգոստոսի 4-ին գրավոր նամակով դիմել է նաև Էկոնոմիկայի նախարարություն, սակայն մինչ օրս որեւէ պարզաբանում չի ստացել:
Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար (ՇՎՏՄ) Արմեն Կոտոլյանն էլ հակադարձեց՝ Արմեն Պողոսյանի հետ հանդիպել եւ ասել է՝ օպտիկայի ոլորտը տեխնիկական կանոնակարգերով իրենց տրված չէ: «Մենք դա չենք կարող վերահսկել՝ ըստ ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի: Այնպես որ անտրամաբանական է մեզ մեղադրելը»,- ասաց ՇՎՏՄ-ի ղեկավարը:
ՇՎՏՄ ղեկավարը հորդորել է Պողոսյանին դիմել Էկոնոմիկայի նախարարություն եւ առաջարկել օպտիկական ակնոցի ոլորտի վերահսկողությունը տալ ՇՎՏՄ-ին:
Հ.Գ. Փաստորեն, քանի դեռ հայտնի չէ, թե ով է վերահսկելու ոլորտը, սպառողների առողջությունը վտանգված է, առավելեւս որ ակնաբույժ Մետաքսյա Մելքոնյանը մեզ տեղեկացրեց՝ հիվանդներից հաճախ է լսել բողոքներ ոսպնյակների անորակության մասին:
Սոնա Դավթյան