Այդ 36 հոգին, որ հնչեցրեց վարչապետը, վերաբերում է հակաօրինական գործողությունների ակտիվ մասնակիցներին, որը ձայնագրություններով, այլ տվյալներով մենք ուսումնասիրել ենք ու այդ ցուցակը այդ քանակով կազմել ենք։ Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ ոստիկանապետի տեղակալ Վարդան Մովսիսյանը։
Նա նշեց, որ օպերատիվ տվյալներ կան, թե ովքեր են վառելափայտի բիզնեսների ղեկավարները, սակայն դեռևս այդ տվյալները չեն կարող հնչեցնել:
«Ոստիկանական աշխատանքներն ու միջոցառումներն իրականացվում են»,- ասաց նա:
Վարդան Մովսիսյանի խոսքով՝ ստեղծված իրավիճակում սոցիալապես անապահովության խնդիր չկա, խոսքն ապօրինի անտառահատման մասին է, որն իրականացվում է բիզնեսի համար. «Այսինքն՝ այդ վառելանյութը բերել, վաճառել են այն վայրերում, որտեղ չկան անտառներ: Փայտի այն քանակը, որը գյուղացիներն օգտագործում են իրենց համար, բավարար է իրենց»:
Հարցին՝ բերման ենթարկվածների մեջ կան մարդիկ, ովքեր այդ բիզնեսով են զբաղվում, Մովսիսյանն ասաց՝ այդ հարցին չի կարող պատասխանել, դեռ ուսումնասիրություն է իրականացվում:
Փոխոստիկանապետը հաստատեց, որ կոռուպցիոն սխեմաներ կարող են լինել, և այդ գործով ԱԱԾ-ն իրականացնում է քննություն: «Քննությունն ավարտված չէ, բայց այո՛, ոստիկանության աշխատակից է մասնակից եղել նման պրոցեսում, և հիմա ինքը քննության տակ է գտնվում»,- ասաց նա և նշեց, որ մեկ ոստիկանի մասին է խոսքը:
ՀՀ փոխոստիկանապետն ասաց, որ անտառներում անշարժ պահակակետերում հսկողությունն ուժեղացվելու է, ոստիկանապետի հրամանով էլ ոստիկանական խմբեր են տեղափոխվել այնտեղ. «Իրավիճակն, իհարկե, կայուն են, բայց կարող են լինել անցանկալի իրավիճակներ, որոնք պետք է վերահսկողության տակ պահել»:
Դիտարկմանը՝ կարծիք կա, որ Իջևանում ոստիկանների նկատմամբ կիրառված ուժը ոստիկանության թուլության նշան է, փոխոստիկանապետն ասաց՝ չի կարծում, որ այդ իրավիճակը ոստիկանության թուլության արդյունք է. ոստիկանությունն իր գործողություններն իրականացնում է օրենքի սահմաններում:
«Ինչ աշխատատեղ են, ինչ չափով՝ չեմ կարող ասել, Տավուշի մարզպետն է ասել, աշխատանքի ցանկություն հայտնողների քանակը նույնպես չեմ կարող ասել, բայց աշխատատեղ կա, այնպես չի, որ չկա, չեն ցանկանում, ի՞նչ կարող ես ասել: Երևի թե, ապօրինի անտառահատումն ավելի հեշտ օգուտ է բերում, քան օրինական ամսական աշխատանքը»,-ասաց նա: