OneArmenia կազմակերպությունը իր հիմնադրման միամյակի առթիվ հոկտեմբերի 5-ին սկսեց SHIFT:Tech ծրագիրը: Այն հրավիրում է բոլոր ցանկացողներին, անկախ գտնվելու վայրից, ներկայացնել թվային տեխնոլոգիաների աշխատածրագրերի իրենց գաղափարները և մրցել՝ հաղթանակի դեպքում 25 հազար դոլար մրցանակ ստանալու ակնկալիքով:
SHIFT:Tech-ի լավագույն 5 դիմումների հեղինակները, OneArmenia-ի տնօրեն Դեյվիդ Բեքեթի խոսքով, կհրավիրվեն մասնագիտական ստուգատեսի: Հաղթողը կմիանա Երևանում «Social Objects» բջջային հեռախոսների աշխատածրագրերի զարգացման նորաբաց ընկերությանը, որպեսզի իր գաղափարը վերածի «իսկական ծրագրային գլուխգործոցի»:
Մրցույթի դիմումներն ընդունվում են մինչև նոյեմբերի 5-ը:
ONEArmenia-ն շահույթ չհետապնդող հասարակական հարթակ է, որը բնապահպանական մարդասիրական և մշակութային նախագծեր է իրականացնում Հայաստանում: Կազմակերպությունը հանրային ֆինանսավորում և դրամահավաք է անում համացանցի միջոցով ամբողջ աշխարհում՝ Հայաստանում ծրագրերը ֆինանսավորելու համար: