Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մայիսի 10-ին ընդունել է Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ, դեսպան Հերբերթ Զալբերի գլխավորած պատվիրակությանը:
ՀՀ ՊՆ մամուլի ծառայության տեղեկացմամբ, զրուցակցի խնդրանքով պաշտպանության նախարարը տեղեկացրել է ապրիլի սկզբին Լեռնային Ղաբարաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած մարտական գործողությունների, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում եւ հայ-ադրբեջանական սահմանին ներկայում տիրող իրավիճակի վերաբերյալ: Սեյրան Օհանյանը զրուցակցի ուշադրությունը հրավիրել է քառօրյա մարտական գործողությունների դադարեցման մասին բանավոր պայմանավորվածության անտեսմամբ ադրբեջանական զինուժի կողմից շփման գծում խախտումների շարունակման վրա:
Որպես ԼՂՀ հիմնահարցով զինված դիմակայության շուրջ բանակցությունների արդյունավետության գրավական՝ պաշտպանության նախարարը կարեւորել է իրավիճակը սրող եւ նախահարձակ կողմին միջազգային հանրության կողմից հասցեագրված դատապարտման, պատահարների հետաքննության միջազգային մեխանիզմների եւ այլ լուծումների շնորհիվ փոխվստահության միջավայրի ձեւավորման անհրաժեշտությունը:
Հերբերթ Զալբերն իր հերթին մտահոգություն է հայտնել ապրիլյան մարտերի եւ դրանց սրման հնարավորության կապակցությամբ: Նշելով, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի, ԵՄ ներկայացուցիչն ավելացրել է, որ Եվրամիությունն ընդունում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջատար դերը` պատրաստ լինելով ներդրում կատարել այդ ձեւաչափով բանակցությունների ակտիվացմանը: