Դեկտեմբերի 12-ին երեք ընդդիմադիր քաղաքական ուժեր համատեղ քաղաքական գործունեության հուշագիր ստորագրեցին: Հիշեցնենք խոսքը «Հանրապետություն», «Լուսավոր Հայաստան» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների մասին է: Երեք կուսակցությունները դաշինքով կմասնակցեն Երեւանի ավագանու եւ խորհրդարանական ընտրություններին:
Այլ ընդդիմադիր քաղաքական ուժեր եւս այս օրերին բանակցությունների մեջ են, սակայն չակերտները բացել չեն շտապում: Մասնավորապես, «Ժառանգություն» կուսակցությունը քննարկումներ է իրականացնում տարբեր քաղաքական ուժերի հետ: Այս մասին Araratnews.am-ի հետ զրույցում ասաց կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
«Մասնավորապես կասենք այն ժամանակ, երբ վերջնական որոշում կունենանք»,- ասաց Մարտիրոսյանը, պատասխանելով մեր հարցին, թե կոնկրետ որ քաղաքական ուժերի հետ են ներկայումս բանակցություններ վարում: Ըստ կուսակցության փոխնախագահի` քննարկումների բովանդակության մասին հստակություն կլինի այն ժամանակ, երբ վերջնական որոշում կլինի:
Անդրադառնալով երեք քաղաքական ուժերի դաշինք կազմելուն` Արմեն Մարտիրոսյանն ասաց, թե «Ժառանգություն» կուսակցությունում այդ հարցը չեն քննարկել, բայց նորմալ են վերաբերվում: Հարցին, թե ինչո՞ւ կուսակցությունը չմիացավ երեք ուժերին, Արմեն Մարտիրոսյանը դարձյալ կրկնեց, թե քանի դեռ վերջնական որոշում չկա, չի կարող նմանատիպ հարցերի հետ կապված որեւէ մեկնաբանություն տալ:
Զուգահեռաբար տարբեր քաղաքական ուժերի հետ քննարկումների փուլում է «Համախմբում» կուսակցությունը: Հայաստանի նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության առաջնորդ Վարդան Օսկանյանը երեկ «Ազատություն» ռադիոկայանի եթերում հայտարարել էր, որ տարբեր քաղաքական ուժերի հետ շփումների մեջ է` հնարավոր նախընտրական դաշինքներ կազմելու շուրջ, սակայն եթե կուսակցությանը չհաջողվի որևէ ուժի կամ ուժերի հետ միասնաբար գնալ 2017-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններին, ապա «Համախմբումը» մենակ կմասնակցի, և ինքը կգլխավորի կուսակցության ցուցակը: Օսկանյանը չէր հերքել, որ հանդիպումներ է ունեցել նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետ:
Araratnews.am-ի հետ զրույցում «Համախմբում» կուսակցության մամուլի խոսնակ Արեգնազ Մանուկյանն ասաց, թե կոնկրետ անուններ չի կարող հնչեցնել, որովհետեւ վերջնական հստակություն չկա: Կուսակցության մամուլի խոսնակն ասաց, թե բացի իշխանական կուսակցություններից, «Համախմբումը» պատրաստ է քննարկումների մյուս ընդդիմադիր ուժերի հետ:
Անդրադառնալով Օհանյան-Օսկանյան հանդիպմանը` Արեգնազ Մանուկյանը նշեց. «Պարոն Օսկանյանն ասել է, որ հանդիպում է ունեցել Սեյրան Օհանյանի հետ, ուղղակի դա անձնական բնույթի հանդիպում է եղել: Սեյրան Օհանյանը նաեւ ասել է, որ ինքը դեռեւս չունի որոշում վերադառնալու քաղաքականություն, երբ նման որոշում կայացնի կամ չկայացնի, կամ նման հայտարարություն անի կամ չանի, մենք էլ արդեն մեր քննարկումները կանցկացնենք եւ կհայտարարենք»,- ասաց Ա. Մանուկյանը:
Փայլակ Ֆահրադյան