Ահաբեկչության դեմ պայքարի միջազգային կոալիցիան բացի ԱՄՆ-ից ընդգրկում է նաև Բահրեյնը, Հորդանանը, Սաուդիան Արաբիան, Կատարը և ԱՄԷ-ն: Այս մասին, CNN-ի փոխանցմամբ, այսօր Սպիտակ տանը հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման:
Նա ընդգծել է, որ բացի հիշյալ պետություններից ևս շուրջ 4 տասնյակ երկրներ աջակցում են «Իսլամական պետության» ֆեմ Վաշինգտոնի որդեգրած քաղաքականությանը:
Այսպիսով, ամերիկացի ղեկավարը ներկայացրել է գրոհայինների դեմ ակտիվ պայքար մղող երկրների ցանկը: Ավելի վաղ ոչ պաշտոնական տեղեկություններ էին հայտնվել, որոնք հաստատում էին, թե Միացյալ Նահանգների հիմնական դաշնակիցները հենց արաբական երկրներն են:
Հիշեցնենք, որ այս տարվա հունիսին «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» (այժմ՝ «Իսլամական պետություն) խմբավորման գրոհայինների գործողությունների ակտիվության հետևանքով հումանիտար ճգնաժամ է առաջացել Իրաքի հյուսիսում: Նույն ամսվա 29-ին սուննի ծայրահեղականները իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքներում հռչակել են «իսլամական խալիֆայություն»:
Միջազգային իրավապաշտպանների հավաստմամբ՝ վտանգի տակ է հայտնվել տեղի շիա մահմեդականների, քրիստոնյաների ու եզդիների կյանքն ու անվտանգությունը: Ծայրահեղականներն ուղղակիորեն «սրբազան» պատերազմ են հայտարարել արևմտյան աշխարհին: Ի պատասխան դրան ԱՄՆ-ի օդուժը օգոստոսի 8-ից պարբերաբար օդային հարվածներ է հասցնում «Իսլամական պետության» դիրքերին՝ օգտագործելով F-16 կործանիչներ ու անօդաչու թռչող սարքեր: Սեպտեմբերի 23-ից իսլամիստների դիրքերին հարվածներ են հասցվում նաև Սիրիայում: