ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի մասնակցությամբ Նյու Յորքում ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարները քննարկել են ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոփոխման շրջանակներում ծավալվող գործընթացը: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ի մամուլի ծառայություն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ Հայաստանը ՀԱՊԿ գործընկեր պետություններին առաջարկել է սկսել Գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթաց: ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի վերաբերյալ որպես այլընտրանքային խափանման միջոց է ճանաչվել գրավը, նա, սակայն օգոստոսի 4-ին վերադարձել է Մոսկվա՝ աշխատանքի:
Բացի այդ ԱԳ նախարարները քննարկել են ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի շրջանակներում փոխգործակցությանն առնչվող հարցեր, ներկայացրել ՄԱԿ-ի շրջանակներում իրենց առաջնահերթությունները, անդրադարձ կատարել ՄԱԿ-ի հարթակում ՀԱՊԿ անդամ-պետությունների նախաձեռնություններին ու դրանց փոխադարձ սատարմանը, մտքեր փոխանակել ՀԱՊԿ ընթացիկ աշխատանքների շուրջ:
Հանդիպման ավարտին ԱԳ նախարարները ստորագրել են «Տարածաշրջանային կազմակերպությունների հետ ՀԱՊԿ համագործակցության ակտիվացման», «Աֆղանստանում իրադրության, երկրի հյուսիսային նահանգներում ԴԱԵՇ-ի դիրքերի ամրապնդման եւ Աֆղանստանի իսլամական հանրապետությունից թմրամիջոցների տարածման վտանգի աճի», «Մերձավոր Արևւելքում և Հյուսիսային Աֆրիկայում իրադրության կայունացմանն ուղղված ջանքերի» վերաբերյալ հայտարարությունները։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը որպես մեղադրյալ ներգրավված է 2008 թվականի նախագահական ընտրություններին հետեւած, 10 մարդու սպանությամբ զուգորդված բախումների վերաբերյալ քննվող քրգործում։ Այդ ժամանակ նա զբաղեցնում էր Երեւանի կայազորի պետի պաշտոնը։