ԱՄՆ-ում նկարահանում են Նյու Յորքի հայտնի առնետների մասին վավերագրական ֆիլմ։ Այս մասին հաղորդում է The New York Times-ը։
Այդ ֆիլմի հիմքում ընկած է Ռոբերտ Սալիվանի` «Առնետներ. քաղաքի ամենատհաճ բնակիչների պատմության և բնակավայրի ուսումնասիրություն» գիրքը։ Նկարահանումները սկսվելու են 2015 թվականի սկզբին։ Տեսավարձույթ հանձնելու ժամկետները չեն ճշտվում։ Սալիվանն այս ֆիլմում հանդես կգա խորհրդատուի դերում։
Առնետների որսով զբաղվող անձինք, պաշտոնյաներ, ուսանողներ, գիտնականներ կպատմեն այս կենդանիների հետ իրենց «շփման» փորձի մասին։ Ֆիլմի հեղինակներն ուշադրություն են դարձնելու ոչ միայն կենդանիների կյանքի, այլև նրանց տարածման պատմության վրա։ Մասնավորապես, անդրադարձ է լինելու այս կենդանիների ներգաղթին Մեծ Բրիտանիայից, Նորվեգիայից, Հոլանդիայից։
Ներկայում, ըստ մասնագետների, Նյու Յորքում կա մոտ 8 միլիոն առնետ, որոնք շատ արագ բազմանում են։