Սերժ Սարգսյանի՝ դասախոս եղբոր տանը հայտնաբերվել և առգրավվել են շուրջ 6 միլիոն 800 հազար դոլարի ավանդային հաշիվներ: Հեղափոխությունից հետո սա ապօրինի հարստացման, չհայտարարագրված միլիոնների երկրորդ դեպքն է: Թե առաջին, թե երկրորդ դեպքում ապօրինի հարստացողները Սերժ Սարգսյանի ամենամտերիմներն են՝ թիկնազորի պետն ու ավագ եղբայրը:
Թիկնազորի պետ Վաչագան Ղազարյանի և եղբայր Լևոն Սարգսյանի՝ ապօրինի միլիոնավոր դոլարների բացահայտումն անշուշտ հուշում է այն, որ օղակը սեղմվում է դեպի Սերժ Սարգսյանը, և որ հանրությունն առաջիկայում դեռ շատ կզարմանա:
Պաշտոնաթող նախագահի մերձավորների հարստացման համար թիվ մեկ երաշխավոր եղել է հենց Սերժ Սարգսյանը, սա թերևս կասկածից վեր է: Իսկ թե ինչեր կարող են հայտնաբերվել անմիջապես Սարգսյանի մոտից, դեռ հարց է, որի պատասխանին հանրությունը սպասում է ԱԱԾ-ից:
Այս ամենին նայելիս եթե հիշենք Սարգսյան եղբայրներից Սաշիկի բերման ենթարկվելու օպերացիան, կարող ենք փաստել մի կարևոր հանգամանք, որի մասին ոստիկանությունը լռում է և ճիշտ էլ անում է: Ոստիկանության պետը հայտարարեց, որ Ալեքսանդր Սարգսյանին բերման են ենթարկել զենքերի օրինականությունն ստուգելու համար: Օսիպյանն ավելին ասել չէր կարող: Չէր կարող ասել՝ գիտեք, նրան բերման ենթարկեցինք որոշ օպերատիվ աշխատանքներ իրականացնելու համար: Կամ՝ վերցրեցինք ստորագրություն և մատնահետքեր, որպեսզի չկարողանա երկիրը լքել:
Ոստիկանապետի լռությունը Սաշիկ Սարգսյանի մասով տեղին է, որովհետև պետք է հիմա լռեն, որ առաջիկայում խոսեն փաստերով: Չի բացառվում, որ Սաշիկ Սարգսյանի և նրա հայտնի որդիների տների խուզարկությունից շատ ավելին կհայտնաբերվի, քան հայտնաբերվել է Լևոն Սարգսյանի և նրա որդու բնակարանից:
Դեռ քանի՜ միլիոններ կհայտնաբերեն Սարգսյան գերդաստանի տներից և նրանց մերձավորների ունեցվածքի մեջ, որոնք ապօրինի են՝ չենք կարող ասել: Ուրիշի փողեր հաշվելն էլ էթիկայի նորմերից դուրս է, բայց հայտնի անեկդոտը հիշելով (երբ գողերն իմանալով, որ իրենց դարանակալած անձը կառավարության աշխատակից է, պահանջում են ոչ թե նրա, այլ իրենց փողերը), փաստենք, որ Սարգսյանների մոտի միլիոններն այնքան էլ նրանցը չեն, դրանք հանրության փողերն են:
Երբ Հայաստանը տարիներ շարունակ միջազգային կազմակերպություններից վարկեր էր վերցնում այս կամ այն ճանապարհը կառուցելու համար, ՀՀԿ-ն մեկ մարդու պես ասում էր՝ դե, երկրում փող չկա: Ընդդիմությունն ասում էր, որ միլիոնները անտեղի վատնվում են, ՀՀԿ-ն ասում էր՝ դե ապացուցե՛ք: Այժմ նոր իշխանությունն ապացուցում է, որ փողերն անտեղի ոչ թե վատնվել են, այլ մտել են Սերժ Սարգսյանի և իր եղբայրների անձնական բյուջե:
Սարգսյանների և նրանց մերձավոր շրջապատում հայտնված միլիոնները հայելային պատկերով արտացոլում են խեղված ու արտագաղթած հայ ժողովրդի օրվա պատկերը: Քայքայված պետության հակառակ կողմը նրանց պերճանքն է: Թափված արյան, հիվանդությունների և կործանված ճակատագրերի հաշվին դիզված միլիոնների պատասխանը նրանք այսօր են տալիս՝ րոպե-րոպե ձերբակալության սպասելով:
Ի դեպ, Լևոն Սարգսյանի տանը միլիոններ հայտնաբերելուց մեկ օր անց, այսինքն՝ այսօր, Սերժ Սարգսյանի ծննդյան օրն է: Պաշտոնաթող նախագահը դարձավ 64 տարեկան: Սա խորհրդանշական նվեր է Սերժ Սարգսյանին՝ նվեր ահազանգի տեսքով:
Որքան էլ Մանվել Գրիգորյանի արածը ներում չունենա, որքան էլ զազրելի լինի Մանվել Գրիգորյանի կատարած հանցանքը, արդարության դեմ չմեղանչելով փաստենք, որ Լևոն Սարգսյանի տանը եղած անհայտ միլիոնները շատ ավելի խոսուն են, քան «տուշոնկաներն» ու վիլիսները: