ԱԺ ՀՀԿ խմբակցության, որտեղ ծվարել են տարբեր սեռի եւ տրամաչափի «քաղաքական» գործիչներ, պատգամավորները, ըստ էության, մրցավազքի են դուրս եկել, թե ով ավելի շատ հիմար մտքեր կարտահայտի եւ ի ցույց կդնի սեփական տգիտությունը:
Այսպես, այս երկու անձինք` Հարությունյան Խոսրովն ու Հակոբյան Հակոբը՝ Թունելի Հակոբը, բացի իրենց կուսակցական ղեկավար Սերժ Սարգսյանին հաճոյանալուց, ԱԺ-ում կոճակ սեղմելուց, այլ առաքելություն չունեն, պարզվում է` այնքան են լկտիացել, որ բառի բուն իմաստով սկսել են ծաղրել Հայաստանի աղքատ բնակչությանը:
Վերջին ամիսներին սպառողական ապրանքների շուկայում նկատվում է գնաճ, որը տարբեր տնտեսագետների եւ ընդդիմադիր պատգամավորների գնահատմամբ` շարունակական է լինելու նաեւ հաջորդ տարի: «Աղքատը քիչ է ծախսում, հետևաբար, թանկացումը բերում է նրան, որ աղքատը ստիպված, ինքնաբուխ ձևով խուսափելու է թանկացած ապրանքներից: Պետական քաղաքականությունն էլ նրա համար է, որ եթե թանկացումը աղքատ շերտին կարողանա հարվածել, ապա նրանց պետք է պաշտպանել թանկացումներից: Հիմա դրա կարիքը չկա, որ պետությունն անդրադառնա դրան: Աղքատ մարդկանց մոտ սովորություն կա, որ նրանք խուսափում են թանկացած կամ թանկ ապրանք գնելուց»: Այս զառանցանքի հեղինակը Թունելի Հակոբն է: Նա լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում, պատասխանելով այն հարցին, թե շարքային սպառողները չունեն հնարավորություն գոյատեւելու գնաճի պայմաններում, դուրս է տվել այս բառակույտը: ՀՀԿ խմբակցության մեկ այլ պատգամավոր` քաղաքական «դիակ» Հարությունյան Խոսրովն էլ շարունակել է. «Պատկերացրեք՝ կա ընտանիք, որը միայն կարտոֆիլ է օգտագործում: Հիմա եթե միսը թանկ է կամ էժան, ինքը, միևնույն է` գումար չունի միս գնելու, շարունակում է կարտոֆիլ օգտագործել»:
Անշուշտ Հարությունյանին եւ Հակոբյանին չի մտահոգվում հանգամանքը, որ իրենց այս հայտարարությունները, մեղմ ասած, նողկանք են առաջացնում հասարակության շրջանում, որ ժողովուրդը, որը, այո՛, միայն կարտոֆիլ է օգտագործում, արհամարհանք է դրսեւորում նրանց անձի նկատմամբ: Չի մտահոգում, այնպես, ինչպես մարմնավաճառին՝ հանգամանքը, որ իրեն կարող են մատնացույց անել, այլ աչքով նայել: ՀՀԿ-ին էլ, բնականաբար, ձեռնտու են նման դուրսպրծուկները, ովքեր անհրաժեշտության դեպքում կեղտոտ բերաններից կարտաբերեն բառեր, որոնք բխում են նույն այդ իշխանության սրտից:
Իրականում Սերժ Սարգսյանն ու Կարեն Կարապետյանն էլ հստակ գիտեն, որ իրենց ապաշնորհ քաղաքականության «շնորհիվ» է, որ Հայաստանի շարքային քաղաքացին չի կարող իրեն թույլ տալ միս գնել եւ ստիպված է յոլա գնալ կարտոֆիլով: Իշխանության ղեկին նստածները շատ լավ գիտեն, որ պետական բյուջեն հասարակ ժողովրդի համար չէ, այլ իրենց, որ դղյակներ կառուցեն, որ ամեն օր միս եւ մսից պատրաստված «բլինչիկներ» ուտեն:
Եվ որպեսզի Սերժ Սարգսյանը հարցումներ պատվիրի, իսկ Կարեն Կարապետյանն էլ արդուկած ժիլետով հանրապետության ամենաաղքատ մարզում հարկի-անհարկի ժպտա, նրանք պահում են հարությունյաններ ու հակոբյաններ, որպեսզի անհրաժեշտության դեպքում ժողովրդին ասեն իրականությունը, որ նրանք աղքատ են, եւ թանկացումն էլ իրենց վրա լավ ազդեցություն է թողնում: Հակոբ Հակոբյանն ու Խոսրով Հարությունյանը լավագույնս կատարում են իրենց առաքելությունը` անշուշտ դրա դիմաց ստանալով իրենց բաժին մսի կտորը:
Փայլակ Ֆահրադյան