Վերջին շրջանում շարունակվում են քաղաքացիների բողոքներն այն մասին, որ փոստատարները հրաժարվում են իրենց հասանելիք նպաստը տրամադրել, պատճառաբանելով, որ պարտադիր պետք է նույնականացման քարտ (ID) ներկայացնել:
Խնդրի մասին Araratnews.am-ին բազմաթիվ ահազանգեր են եղել: Քաղաքացիներից նույնականացման քարտեր են պահանջել նույնիսկ այն դեպքում, երբ նրանց անձնագրերը վավերական են: Եվ թեպետ հարցի վերաբերյալ օրեր առաջ հայտարարությամբ հանդես էր եկել ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը, որ կենսաթոշակ կամ սոցիալական նպաստ ստանալու համար նույնականացման քարտ ունենալու պարտադիր պահանջ սահմանված չէ, այնուամենայնիվ, քաղաքացիների բողոքները շարունակվում են:
Հարցով մենք դիմեցինք հնարավոր պատասխանատու պատկան մարմիններին՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, որտեղից հրաժարվեցին պատասխանել հարցերին և ուղղորդեցին Երևանի քաղաքապետարան: Այնտեղից սկզբում հուշեցին նշված նախարարության տեղը, հետո երբ իմացան նախարարության ուղղորդման մասին, փորձեցին ճշտել՝ արդյոք նշված հարցի լուծումն իրենց իրավասությա՞նն է պատկանում, թե՞ ոչ:
Ճշտումներից հետո՝ Երևանի քաղաքապետարանի հասարակայնության և լրատվության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը մեզ տեղեկացրեց՝ կա հատուկ հանձնարարական, որ հաշվառված ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստացող ընտանիքների չափահաս անդամներին պետք է տեղեկանքներ տրվեն անվճար նույնականացման քարտեր ստանալու համար:
Մեր դիտարկմանը, որ հարցը վերաբերում է ոչ թե անվճար նույնականացման քարտեր տրամադրելուն, այլ այն խնդրին, որ քաղաքացիները չեն կարողանում իրենց նպաստները ստանալ առանց ID-ների և գուցե հնարավորություն չունեն կամ հարմար չէ տարվա այս ժամանակահատվածում հանել այն, Արթուր Գևորգյանը նշեց՝ նման բան գոյություն չունի, որ մարդուն մերժեն:
Նշենք, որ մենք զրուցել ենք ոչ թե մեկ, այլ մի քանի քաղաքացիների հետ, ովքեր բախվել են խնդրին: Նրանք հավաստիացնում էին, որ փոստատարն իրենց ասել է՝ վերևից եկած հրաման է՝ պարտադրել նպաստառուներին հաջորդ ամսից անպայման ունենալ նույնականացման քարտ, այլապես իրենց արգելել են նպաստ տալ: Իսկ ID-ի ունենալու համար քաղաքացիները ստիպված են անձնագրային բաժանմունքներում ժամերով հերթ կանգնել:
Ահազանգերի հետքերով մենք եղանք Երևանի Էրեբունի վարչական շրջանի անձնագրային բաժանմունքում, որտեղ նույնականացման քարտ ստանալու իրենց հերթին սպասող քաղաքացիները դժգոհում էին, որ ստիպված են երկար հերթ կանգնել:
Եվ հետաքրքիր է նաև այն, որ որքան էլ քաղաքապետարանից պնդում են, թե նման բան հնարավոր չէ, այնուամենայնիվ անձնագրային բաժանմունքում կուտակված հերթերն այլ բան են փաստում: Հատկապես որ, քաղաքացիներից ոմանք հաշմանդամություն ունեն ու նշում էին, որ եթե պարտադիր չլիներ, ոչ էլ այդքան կսպասեին իրենց հերթին, ուղղակի վախենում են, որ նպաստից կզրկվեն:
Փաստորեն, մինչ համապատասխան գերատեսչությունները որոշում են, թե տվյալ հարցի լուծումն ում պարտականությունն է, քաղաքացիները ստիպված են սպասել և գոյատևել վերջին միջոցներով: Կամ էլ, կարելի է ենթադրել, որ համապատասխան օղակների աշխատակիցներն են թերանում իրենց գործում և տեղյակ չեն, որ օրենքի սահմաններում է քաղաքացիներին առանց նույնականացման քարտի նպաստ դրամադրելը:
ԷՄՄԱ ՀՈՎՍԵՓՅԱՆ