ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Հայաստան է այցելել Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհանես Հանը։
Հանդիպման ընթացքում Հայաստանի արտգործնախարարը ներկայացրեց Հայաստան-ԵՄ համագործակցության արդյունքները, նշելով, որ Հայաստանը մտադիր է ավելացնել ԵՄ-ի հետ համապարփակ համագործակցությունը:
«Ավարտվել և նախաստորագրվել է Հայաստանի և ԵՄ-ի Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որի ստորագրումը նոյեմբերին Բրյուսելում կայանալիք Եվրամիություն Արևելյան գործընկերության գագաթնաժողովի հիմնական ձեռքբերումներից մեկը կարող է հանդիսանալ: Հայաստան-ԵՄ օրակարգում կարևոր տեղ է զբաղեցնում մարդկանց միջև շփումների խրախուսումը, և վիզային ռեժիմի ազատականացումը մարդկանց միջև շփումների խորացման կարևոր բաղադրիչներից մեկն է»:
Նախարարը նաև ընդգծեց, որ օրակարգը համալրվում է նոր բովանդակությամբ: Ինչպես նշվեց` առաջարկներ կան Եվրամիության և Արևելյան գործընկերության երկրներում ռոումինգի սակագների հարմոնիզացիայի նվազեցման:
Յոհանես Հանն էլ իր խոսքում նկատեց` Հայաստանն արևելյան գործընկերներից առաջինն է, որ գործընկերության գերակայություններն է հաստատում ԵՄ-ի հետ. «Մենք շահագրգիռ ենք տեսնելու, թե այս նոր համաձայնագիրն ինչպես է նյութական տեսք ստանալու: Համաձայնագրի նշանակությունը շատ ավելի է, քան մեր երկկողմ հարաբերությունները»:
Հանը նաև ընդգծեց, որ իրենք շարունակելու են իրենց աջակցությունը բիզնես ոլորտում, օրինակ` կլինի նոր հնարավորություն տեղական արժույթով վարկեր ստանալու համար: Նախատեսվում է նաև վերացնել ռոումինգը:
Հանդիպմանը նաև նշվեց, որ Հայաստան-ԵՄ համաձայնագիրը կստորագրվի Բրյուսելում նոյեմբերի 24-ին` Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ժամանակ:
Էմմա Հովսեփյան