տուն Լուրեր Նորմալ չէ, որ միջնորդ Ռուսաստանը զենք վաճառելով ռազմականացնում է կոնֆլիկտի գոտին

Նորմալ չէ, որ միջնորդ Ռուսաստանը զենք վաճառելով ռազմականացնում է կոնֆլիկտի գոտին

126
0

Ինչպես հայտնել են Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից, ռուսական ժամանակակից ռազմական տեխնիկան ու զինամթերքը հասել են Բաքվի նավահանգիստ և կտրամադրվեն ղարաբաղյան հակամարտության գոտում գտնվող զինվորականներին: Հրավիրված ասուլիսի ժամանակ, խոսելով ռուսական զենքի նոր խմբաքանակի մատակարարման մասին Ադրբեջան, «Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային հետազոտությունների վերլուծական կենտրոնի» ղեկավար Ստեփան Գրիգորյանը նշեց, որ այդ քայլով Ռուսաստանը ռազմականացնում է հակամարտության գոտին:

«Ես ուզում եմ երկու կոնտեքստով նայել Ռուսաստանի քաղաքականությանը: Առաջին հերթին Ղարաբաղի կոնտեքստով՝ Ռուսաստանը միջնորդ է Ղարաբաղի հարցում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից է, գլխավոր միջնորդներից մեկն է: Չեմ կարծում՝ նորմալ երևույթ, որ միջնորդը, որը պետք է աջակցի կոնֆլիկտի լուծմանը, ռազմականացնում է, միլիտարիզացնում է նույն կոնֆլիկտային գոտին: Որովհետև եթե Ռուսաստանը մեծ քանակությամբ զենք է վաճառում Ադրբեջանին ու ինչ-որ քանակությամբ` Հայաստանին, դա  միլիտարիզացում է կոչվում»,- նշեց բանախոսը և հավելեց, որ այս պարագայում Ռուսաստանը միջնորդի իր դերը լիարժեք չի կատարում:

«Ինչ վերաբերում է երկրորդ կոնտեքստին, որը ես չէի կապի միայն Հայաստանի հետ, հետևյալն է՝ պատմությունը միշտ ցույց է տալիս, որ երբ Ռուսաստանը նույնիսկ կարճ ժամանակահատվածում ակտիվ համագործակցում է Թուրքիայի հետ անվտանգության ոլորտում, միշտ Ռուսաստանն իր դաշնակիցներին քցում է»,- նկատեց Ստեփան Գրիգորյանը:

Էմմա Հովսեփյան