Այսօր, ժամը 17:42-ին վերջապես մարվել է Նորապատ գյուղի հրդեհը: Բնակելի շենքում հրդեհը բռնկվել էր հոկտեմբերի 22-ին, այրվում էր 10 բնակելի տուն` գույքով: Ընտանիքները մնացել են դրսում ու արդեն 4 օր հետեւում էին, թե ինչպես է իսպառ մոխրանում իրենց ամբողջ ունեցվածքը:
Հոկտեմբերի 22-ին, ժամը 22:19-ին էր ահազանգ ստացվել այն մասին, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Նորապատ գյուղի 5-րդ փողոցի շենքերից մեկում: Դեպքի վայր էր մեկնել հինգ մարտական հաշվարկ, հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը և արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը : Ժամը 23:16-ին հայտարարվել էր հրդեհի բարդության 3-րդ աստիճան. դեպքի վայր էր մեկնել ևս երեք մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել էր ժամը 00:48-ին:
Հոկտեմբերի 23-ին, ժամը 16:20-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքներ էր իրականացնում մեկ մարտական հաշվարկ: Ամբողջությամբ այրվում էր եռահարկ բնակելի շենք (20×40 մ, յուրաքանչյուր հարկը՝ 800 քմ), թվով 10 բնակարան՝ գույքով:
Հոկտեմբերի 24-ին, ժամը 08:00-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում էին: Ժամը 18:20-ի դրությամբ մարվել էր ծխացող 3 օջախ, կային ծխացող օջախներ: Հետհանգեցման աշխատանքներին մասնակցել էին մեկ մարտական հաշվարկ և Արմավիրի քաղաքապետարանի կողմից տրամադրված 1 ավտոսանդուղք:
Հրդեհը մարվեց այսօր` հոկտեմբերի 25-ին, ժամը 17:42-ին: