տուն Լուրեր Նոր զարգացումներ՝ թարթիչները կտրված աշակերտի գործի մասին

Նոր զարգացումներ՝ թարթիչները կտրված աշակերտի գործի մասին

137
0

Araratnews.am-ն անդրադարձել էր  Երեւանի Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում տեղի ունեցած սկանդալին: 7-ամյա աշակերտ Մարիոս-Արտյոմ Սարգսյանի մայրը պատմել էր, որ որդու դասընկերները զուգարանում կտրել էին որդու թարթիչները,  կպչուն ժապավենով կապել բերանը եւ ծեծել երեխային:

Araratnews.am-ին հայտնի է դարձել, որ ծնողները մեկ շաբաթ առաջ երեխայի  դպրոցից հանել ու տարել են Զեյթունի դպրոցներից մեկը: Երեխայի տատիկը մեզ տեղեկացրեց, որ երեխան հարմարվել է նոր միջավայրին:

Տատի խոսքով՝ վաղն իր դուստրը  գնալու է ոստիկանություն իրավապահների պահանջով:

7-ամյա աշակերտի մայրը՝ Մարինա Սարգսյանը, մոտ մեկ շաբաթ առաջ «Ֆեյսբուքով» մեզ տեղեկացրել էր, որ իր որդուն ծեծող աշակերտների ծնողները սպառնում են իրեն: Մարիոս-Արտյոմի  տատը մեզ հետ զրույցում եւս հաստատեց այդ տեղեկությունը. «Ասում են՝ խուժան լակոտիդ հանի ստեղից, գնա ու նման խոսքեր:  Ոստիկանությանն այս մասին չենք հայտնել, բայց աղջիկս վաղը որ գնա,  կասի»:

Մենք կապ հաստատեցինք նաև 7-ամյա երեխային ծեծող աշակերտներից մեկի՝ Գոռի մայրիկի՝ տիկին Լիանայի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում հերքեց Մարիոս-Արտյոմ Սարգսյանի տատի խոսքերը սպառնալու մասին: «Բայց ինչի՞  համար սպառնանք: Մենք մարդասպա՞ն ենք կամ այդքան անմակարդա՞կ: Ես ուզում եմ տեսնել  Մարիոս-Արտյոմի մորը, հասկանալու, թե ինչ-որ բան ունի՞ մեր երեխաների դեմ: Ի՞նչ հիմքով է մեր երեխային մեղադրում: Սկզբում Մարիոս-Արտյոմը մի քանի երեխաների անուններ էր տալիս, վերջում կանգ առավ Գոռի, Միքայելի ու Գագիկի վրա: Պատիվ եմ պահանջելու Մարիոս-Արտյոմի մորից, թե ինչ հիմքով էր իմ երեխային մեղադրում: Ամբողջ գիշեր երեխաս ջերմել է, սթրես է ապրել: Մարիոս-Արտյոմի մայրն ասում է, որ իր երեխան  իբր դեպքից հետո  դասի չի եկել, բայց դասի էլ է եկել, հանդեսի է մասնակցել: Ես լրիվ նկարներն ունեմ»,- ասաց տիկին Լիանան:

Սոնա Դավթյան