տուն Լուրեր Նոր զարգացումներ՝ Շվեդիայում մահացած հայ երիտասարդի գործից

Նոր զարգացումներ՝ Շվեդիայում մահացած հայ երիտասարդի գործից

164
0

դավիթ բարսեղյան

Ամիսներ առաջ լրատվամիջոցներն անդրադարձել էին Շվեդիայի Օրեբրո քաղաքում մահացած Դավիթ Բարսեղյանի գործին:  Դավիթ Բարսեղյանը մահացել էր 2017-ի փետրվարի 6-ին: Ընդամենը չորս օրով էր 32-ամյա երիտասարդըը մեկնել Շվեդիա: Ըստ հարազատների` Դավիթի առողջական վիճակը կտրուկ վատացել է, որի պատճառով նրա երկու ընկերները ցանկացել են ավտոմեքենայով տեղափոխել հիվանդանոց, սակայն նրանց ճանապարհը փակել են տեղի ոստիկանները, իջեցրել ավտոմեքենայից: Այդ պահին Դ. Բարսեղյանը կորցրել է գիտակցությունը, վայր ընկել ոստիկանների աչքի առաջ, որից հետո մի կերպ բարձրացել է, հենվել սյանը, սկսել փսխել: Այդ ընթացքում նրա հետի երկու տղամարդիկ անընդհատ նշել են, որ անհապաղ շտապօգնություն կանչեն, մարդը շատ վատ է զգում, սակայն ոստիկանները շտապօգնություն  չեն կանչել, անգամ չեն թողել, որ ընկերները մոտենան և օգնեն, հայհոյանքներ են տվել: Դրանից հետո երկու ոստիկան մտել է Դավիթ Բարսեղյանի թևերը, տարել ոստիկանության բաժնի մեկուսարան, որտեղ նույնպես որևէ բուժաշխատող չեն հրավիրել: Մոտ մեկ ժամ անօգնական վիճակում մնալով` Դ. Բարսեղյանը մահացել է:

Դավիթ Բարսեղյանի հարազատների ու Salmi & Partners փաստաբանական ընկերության ջանքերով Շվեդիայի արդարադատության կանցլերը պահանջել էր Շվեդիայի ոստիկանությունից գործը վերաքննել, քանզի իրենց համար անընդունելի էր ոստիկանության այն պնդումը, թե երիտասարդը մահացել է բնական մահով:

Այսօր Araratnews.am-ը  Salmi & Partners փաստաբանական ընկերության շվեդաբնակ փաստաբան Մարկ Սաֆարյանից տեղեկացավ, որ Շվեդիայի ոստիկանությունը արդարադատության կանցլերին պատասխանել է, որ պատասխանատու չէ  հայ քաղաքացու մահվան համար: Մարկ Սաֆարյանի տեղեկացմամբ` իրենք մեծ ակնկալիքներ չունեն Շվեդիայից:

«Հիմա պետք  է սպասել, թե ինչ կանի Շվեդիայի ոստիկանության հատուկ քննչական մարմինը, որը ենթակա է արդարադատության նախարարությանը: Մեր հաջորդ քայլը լինելու է  քաղաքացիական հայցով դատարան մտնել: Եթե այդ ատյանն էլ մերժի մեր պահանջը Դավիթ Բարսեղյանի ընտանիքին փոխհատուցում տալու եւ մեղավորներին պատժելու, դիմելու ենք Եվրադատարան»,- ասաց փաստաբանը:

Մեր հարցին՝ արդյոք ԱԳ նախարարության աշխատանքի արդյո՞ւնք է այն, որ հայ  քաղաքացու գործն այս ընթացքն է ստացել, փաստաբանն ասաց, որ Հայաստանի քաղաքացու հանդեպ ոտնձգություն է տեղի ունեցել: «Ցավոք, դա մեր ԱԳՆ-ին չի հետաքրքրում: Քաղաքացու հովանավորը  պետությունն է, ոչ թե  անհատ փաստաբանը»,- պատասխանեց Մարկ Սաֆարյանը:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ