տուն Լուրեր Նոր վարչապետը խնդիրներ կունենա, որոնք չի կարողանա լուծել. քաղաքագետ

Նոր վարչապետը խնդիրներ կունենա, որոնք չի կարողանա լուծել. քաղաքագետ

103
0

1443722902,5676

ՀՀ վարչապետի հրաժարականին և նոր ներքաղաքական խնդիրներին այսօր լրագրողների հետ հանդիպմանն  անդրադարձավ քաղաքագետ Աղասի Ենոքյանը: Նրա կարծիքով՝ վարչապետի հրաժարականի հիմնական պատճառը ներքաղաքական սրված իրավիճակն էր, որ ստեղծվել էր «Սասնա ծռերի» իրականացրած գործողություններից հետո. «Այս առումով սա ուշացած հրաժարական էր, որովհետև այդ լարված իրավիճակին սա համարժեք պատասխան չէր»:

Քաղաքագետի կարծիքով՝ Հ. Աբրահամյանն իր գործունեության  ավարտին թողել է քայքայված տնտեսություն և չկայացած քաղաքական համակարգ. «Նոր վարչապետը, իհարկե, մեծ խնդիրներ կունենա: Խնդիրները կապված են նրա հետ, որ կարողանա իշխանությունների նկատմամբ ժողովրդի վստահությունը ձեռք բերի: Կարծում եմ՝ այդ խնդիրները չի կարողանա լուծել, որովհետև ժամանակը չափազանց կարճ է, իսկ լարվածությունը` չափազանց բարձր»:

Աղասի Ենոքյանը նաև հավելեց, որ նոր վարչապետի օրոք հազիվ թե զգալի փոփոխություններ լինեն, որովհետև մեր երկրում առկա խնդիրները չեն լուծվի. «Երկու հիմնական խնդիր ունի մեր տնտեսությունը.  առաջինը` մեր արտաքին քաղաքական ոչ ադեկվատ դիրքորոշումն է: Մեր տնտեսությունն անկում է ապրում, որովհետև մենք մեզ կտրել ենք համաշխարհային շուկայից: Երկրորդ խնդիրը մեր օլիգարխիկ, մոնոպոլ տնտեսական և քաղաքական համակարգն է, որին շատ դժվար է դեմ գնալը, որովհետև սա քաղաքական համակարգի հիմքն է: Եվ եթե Հանրապետական կուսակցությունը փորձի քանդել օլիգարխիկ համակարգը, նշանակում է` ինքն իր տակը քանդել, այսինքն` ինքնակամ հրաժարվել իշխանությունից, ինչին, կարծում եմ՝ չի գնա»:

Էմմա Հովսեփյան