տուն Լուրեր Նոր ուսումնական տարի՝ անվտանգ երթեւեկության միամսյակ

Նոր ուսումնական տարի՝ անվտանգ երթեւեկության միամսյակ

105
0
Dproc
Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանն այսօր հրավիրված ասուլիսում նշեց, որ Հայաստանում այսօր կայուն վթարայնության վիճակ է, որի արդյունքում նախորդ տարվա համեմատությամբ ճանապարհատրանսպորտային պատահարների (ՃՏՊ) հետևանքով վիրավորների և զոհերի թիվն առաջին անգամ հանրապետությունում նվազել է: «Վիճակը կարելի է բավարար գնահատել, և տարեցտարի աճող տենդենցի պայմաններում, ընդհակառակը, պատկերը փոխվել է: Այսօրվա դրությամբ տարեսկզբից Հայաստանում արձանագրվել է 1972 ՃՏՊ, զոհերի թիվը 150-ն է, իսկ վիրավորվել է 2794 մարդ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պատահարների քանակը նվազել է 174-ով, զոհերի թիվը` 53-ով, իսկ վիրավորների թիվը` 253-ով: Առաջին անգամ աճի տենդենցը կանգնել է, և ոչ թե 53, այլ 80 մարդու կյանք է փրկվել»,- ասաց Սարգսյանը:

Սարգսյանի խոսքով` նման ցուցանիշները պայմանավորված են երեք գործոնով. նախ՝ ակտիվացել է վարչարարությունը ոչ սթափ վիճակում վարորդների նկատմամբ, հաջորդը տարեսկզբից ակտիվ պայքարն էր առջևի թաղանթապատված հողմապակիով տրանսպորտի վարորդների նկատմամբ, և երրորդը՝ սահմանված արագության գերազանցման փաստերի հայտնաբերման ուղղությամբ աշխատանքները: Նա նաև տեղեկացրեց, որ նախորդ տարվա համեմատությամբ նվազում է արձանագրվել նաև մանկահասակ երեխաների մասնակցությամբ կատարված ՃՏՊ-ների քանակում` 27-ով:

Անդրադառնալով նոր ուսումնական տարվա մեկնարկին` Սարգսյանն ասաց, որ հայտարարվել է անվտանգ երթևեկության միամսյակ, և սեպտեմբերի 1-ից հանրապետության բոլոր դպրոցների մոտ պարեկություն են իրականացնելու ոստիկանական կարգախմբեր: Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետի խոսքով` այդ ուղղությամբ ոստիկանության կողմից արդեն իսկ աշխատանքներ են իրականացվել: «Օգոստոսի 1-ից սկսած հանդիպումներ են կազմակերպվել գրեթե բոլոր դպրոցների տնօրենների հետ, բազմաթիվ դպրոցների մոտակայքում նոր գծանշաններ է արվել, եթե անհրաժեշտություն է եղել` թարմացվել են ճանապարհային նշանները և նոր նշաններ են տեղադրվել»,-ասաց նա, ընդգծելով, որ ամեն ինչ արվելու է երեխաների տուն-դպրոց ճանապարհն անվտանգ ապահովելու համար:

Նորիկ Սարգսյանի խոսքով՝ անվտանգության ապահովումը կախված է ոչ միայն ոստիկանությունից, այլ նաև երեխաներից, ծնողներից: «Լուրջ քարոզչություն պետք է իրականացնել, որպեսզի համատեղ ուժերով միամսյակը ամփոփենք բոլորիս համար ցանկալի արդյունքով»,- նշեց նա: Եզրափակելով` նա տեղեկացրեց, որ այսօրվանից դպրոցների մոտակայքում գործող թույլատրելի արագությունը, որը ամառային ռեժիմի անցնելու պատճառով սահմանվել էր 60 կմ/ժամ, դարձել է 40 կմ/ժամ: