ՀՀ Կառավարության այսօրվա նիստում ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենսդրական նախաձեռնությունների փաթեթը: «Օրենքի ընդունման նպատակը երկուսն են՝ մեկը կանխարգելել, երկրորդը՝ պաշտպանել: Հիմա քննարկումների փուլում արդեն երրորդ նպատակը ավելացավ՝ համերաշխության վերականգնման նպատակը»,- ասաց Հարությունյանը:
Նախարարը ներկայացրեց, որ ընդհանուր առմամբ փաթեթով նախատեսում են բռնությունից տուժած անձանց պաշտպանության երեք հիմնական միջոցներ՝ նախազգուշացում, անհետաձգելի միջամտություն և պաշտպանական որոշում: Նախարարի խոսքով՝ նախատեսվում են բռնություն գործած անձի նկատմամբ մի շարք սահմանափակումներ՝ պաշտպանել որոշակի հեռավորություն տուժողից, չմտնել կոնտակտի մեջ, չկրել, չպահել զենք, անցնել բուժման կուրս, օրինակ` ալկոհոլամոլությունից: Նա նաեւ նշեց, որ պաշտպանական մեխանիզմները ևս սահմանափակումներ են ենթադրում, և խախտումների համար նախատեսված են քրեական և վարչական պատասխանատվության միջոցներ: «Անհետաձգելի միջամտության պարագայում տուժողի կամքը պարտադիր չէ, քանի որ շատ հաճախ տուժողները բողոքելու դեպքում կրկնակի ենթարկվում են բռնության»,- ասաց նա, հավելելով, որ պաշտպանական որոշումը միայն տուժողի կամքից է կախված:
Նախարարը նշեց, որ նախատեսվում է երկու այլ ինստիտուտի ստեղծում, մեկը՝ սոցիալական աջակցության կենտրոնները տրանսֆորմացիայի պետք է ենթարկվեն, և երկրորդ՝ ապաստարաններն են: «Թեև թյուր կարծիք կա, և կա նման հակընդդեմ շարժում, որով փորձում են օրենքում գոյություն չունեցող կարգավորումները ներկայացնել որպես օրենքի կարևորագույն թերություն: Պետք է մեկ անգամ հայտարարեմ, որ փաթեթը չի նախատեսում ծնողական իրավունքներից զրկման կամ սահմանափակման որևէ նոր հիմք, և նոր հիմք չի պարունակում, որը կարող է խարխլել ընտանեկան արժեքները»,- ասաց նա:
Հարությունյանի խոսքով՝ բազմիցս քննարկել են նախագիծը, և մի շարք լուրջ կարևոր փոփոխություններ են ամրագրվել, մտահոգիչ հարցերն են ամրագրվել: Նա վստահեցրեց, որ առանց ծնողի չեն կարող երեխային վերցնել ընտանիքից և տեղափոխել ապաստարան: «Դա կոշտ ամրագրել ենք, որ դադարեցնենք այն անհիմ քննադատությունը, որը հաճախ հնչում է այս օրենքի հասցեին», -ասաց նա:
Փայլակ Ֆահրադյան