Նախորդ գումարման Ազգային ժողովի կողմից 2018 թ. հունիսի 13-ին ընդունված 2019 թ. հունվարի 1-ից արդեն ուժի մեջ մտած «Պետական տուրքի մասին» օրենքում կատարված փոփոխության համաձայն 100 լիտրից ավելի արտադրող ընկերությունները խաղողի գինու կամ խաղողի մզման թորումից ստացվող սպիրտային թրմօղիների համար պետք է վճարեն յուրաքանչյուր լիտրի համար հավելյալ 100 դրամ տուրք: Սա բարձրացնում է կոնյակի ինքնարժեքը՝ շղթայաբար վնասելով արտահանողից մինչև խաղողագործի: Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնությունը ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկումների արդյունքում կազմել է հարցի կարգավորումը նախատեսող դիմումներ ուղղված ՀՀ վարչապետին և ԱԺ նախագահին:
Նոր օրենքի համաձայն ըստ էության հայկական կոնյակի թրմօղու արժեքը միջազգային շուկայում թանկանում է 21 ցենտով: Այն ընկերությունների համար, որոնք գնում են արտադրողից ու արտահանում են, թանկանում է կրկնակի: Եվ հաշվի առնելով, որ հայկական կոնյակի արտահանման գլխավոր թիրախը Ռուսաստանն է, այդ թանկացումը թուլացնում է ռուսական շուկայում հայ մատակարարների դիրքերը՝ մեր արտադրանքը գնային առումով դարձնելով անմրցունակ: «Այսօր արդեն շատ արտահանող ընկերություններ իրենց պայմանագրերը կորցրել են ի օգուտ Ադրբեջանի, Ուզբեկստանի, վրաստանի»,- ասում է «Արարատի Աբրիկոն» ոգելից խմիչքների գործարանի տնօրեն Կարեն Խաչիկյանը: Մյուս կողմից, եթե նախկինում օրենքը թույլ էր տալիս տնտեսվարող սուբյեկտներին համատեղ գործունեության պայմանագրի շրջանակներում արտադրողից գնել թրմօղին և արտահանել, ապա այժմ երկու կողմին էլ պարտադրվում է վճարել արտոնագրի գումար՝ 15 մլն դրամ, ունենալ ոչ պակաս շրջանառություն: Այսինքն՝ օրենքն ընդունվել է ի օգուտ մեծ ձեռնարկությունների:
«Գլոբալ ալկո» ընկերությունը վերջին երեք տարում կոնյակի թրմօղու խոշոր արտահանողներից և խաղող մթերողներից մեկն է, և առաջիններից մեկն է զգացել օրենքի բացասական ազդեցությունը: «Արդեն կրճատվել են մեր արտահանումները, կորցրել ենք մի քանի լուրջ գնորդ ու լուրջ քանակություններ, ինչը հաստատ ազդելու է խաղողի մթերման վրա, — ասում է ընկերության փոխտնօրեն Համլետ Ասատրյանը:- Արդեն քանի տարի, տեղում խաղողագործին կանխիկ գումար տեղում վճարելով, մենք խաղող ենք մթերել ու սպիրտն ամբողջությամբ արտահանել ենք: Բայց մենք առայժմ արտադրություն չունենք և սպիրտը գնում ենք, արտադրողը մեզ արդեն վաճառում է 21 ցենտ թանկ, մենք էլ պետք է արտահանելիս հավելյալ 21 ցենտ վճարենք, ինքնարժեքն արդեն 42 ցենտով է ավելանում, և մենք դառնում են լրիվ անմրցունակ, որովհետև Ռուսաստանն արդեն 21 ցենտ տարբերությամբ է հրաժարվում ընդունել»:
Այն որ հավելյալ տուրքի արդյունքում լուրջ վնասներ կկրեն նաև խաղողագործները բարձրաձայնեցին գրեթե բոլոր արտադրողները: Մասնավորապես «Պռոշյան» կոնյակի գործարանի փոխտնօրեն Ավետիք Գասպարյանը նշեց. §Միգուցե այս օրենքը մի քանի ամսվա ընթացքում որոշակի շատ չնչին գումարներ ավելացնի բյուջեում, բայց դրա հետագա վնասները ավելի մեծ են լինելու: Սպիրտի արտադրության ու արտահանման գործում շուկաները կորցնելը լուրջ խնդիր է: Եթե կորցնենք՝ տասնյակ տարիներով չենք կարողանան վերականգնել: Մեծ են լինելու մեր խաղողագործների վնասները: Ներկա պայմաններում, երբ որ նոր իրավիճակում իրական շուկայական հարաբերություններ են ձևակերպում, կառավարությունը չի կարող ստիպել գործարարներին մթերել 150 դրամով՝ ի վնաս իրենց: Մյուս կողմից էլ, մեր այգիների բերքատվությունը ցածր է, խաղողագործի օգուտը՝ չնչին: Այսօր Հայաստանում առաջնային խնդիր պետք է լինի խաղողագործության զարգացումը, որովհետև եթե այս տեմպերով շարունակվի՝ մի քանի տարի հետո եղածն էլ է քայքայվելու»:
Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության շրջանակներում, ոլորտի մասնագետների հետ քննարկումների մշակել է դիմում-առաջարկներ հղված ՀՀ վարչապետին և ԱԺ նախագահին:
Առաջին դիմումով առաջարկվում է կասեցնել 100 դրամ տուրք պարտադրող օրենքի կիրառումը. «Սույն որոշումը կայացնելուց առաջ ոլորտի ներկայացուցիչների հետ չի կազմվել քննարկում որևէ ձևաչափով, ինչն անընդունելի պրակտիկա ենք համարում և հույս հայտնում, 7-րդ գումարման ԱԺ և նոր կառավարությունը չեն որդեգրի վատ ժառանգություն մնացած այս գործելաոճը, հետևաբար առաջարկում ենք վերանայել և շրջանառութոյւնից հանել սույն թվականի հունվարից գործող այս օրենքը»:
Արտահանման գործընթացը թեթևացնելու համար Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնությունը կազմել է նաև երկրորդ դիմում՝ ուղղված ՀՀ վարչապետին ու ԱԺ նախագահին, որտեղ առաջարկվում է մշակել և ընդունել օրենք, որը թույլ կտա վերջնական տեսքով արտահանման համար ձեռք բերված նպատակային ապրանքներն արտահանել առանց ԱԱՀ, աքցիզային հարկ, տուրքեր վճարելու:
Այսօր Հայաստանում կոնյակի և վիսկիի թրմօղի արտահանողները գնելու պահին, ըստ գործող օրենքի, պարտավոր են վճարել ներքին առևտրաշրջանառության համար նախատեսվող բոլոր հարկերը և նոր միայն արտահանեն, որոշակի ժամանակ անց հետ ստանալով հարկերը կամ դրանց մի մասը բայց այս տարվանից վիսկիի աքցիզային հարկը բարձրացել է՝ կազմելով 4560 դրամ: Փաստորեն արտադրողը իր արտադրանքի արժեքի հնգապատիկը պիտի վճարի պետությանը, գումարած ԱԱՀ, որ կարողանա արտահանել: Խոշոր արտադրողներից ու արտահանողներից բացի ոչ ոք ի վիճակի չէ նման խոշոր պասսիվ ներդրումների, որովհետև վճարված հարկերի հետվերադարձը ժամանակ է պահանջում, իսկ դա ֆինանսական վակուում է առաջացնում բիզնեսում: Ժամանակին նման մեծ ծախսերից խուսափելու համար օրենքը թույլ էր տալիս փոքր ու միջին արտահանող ընկերություններին ունենալ համատեղ գործունեության պայմանագիր արտադրողի հետ: Բայց օրենք ընդունվեց, որի համաձայն արտահանողը ևս լիցենզիա պետք է ունենա: Այս խնդրով իր դիտարկումներն է անում Արարատի Աբրիկոն» ոգելից խմիչքների գործարանի տնօրեն Կարեն Խաչիկյան. «Այն արտահանումները, որ նախկինում անում էինք համատեղ պայմանագրի շրջանակում, այլևս չենք անում, որովհետև արտոնագրի համար 15 մլն դրամ վճարելու իմաստ չենք տեսնում: Ոչ գրագետ հաշվարկ է եղել, չեն մտածել, որ դրա պատճառով կիջնեն վաճառքները, կպակասեն աշխատողները, հետևաբար եկամտահարկերը, կավելանան նոր գործազուրկներ»:
Ոլորտի ամբողջ ներուժը առկա խնդիրների հաղթահարման ու զարգացման շուրջ մոբիլիզացնելու համար Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության կազմկոմիտեի անդամ, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության ղեկավար Կարեն Վարդանյանը կարևորում է Խաղողագործության և գինեգործության հիմնադրամի վերակազմավորումը ասոցիացիայի: Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն էլ է բախվել օրենսդրական խնդիրների և դրանց լուծումը հնարավոր է եղել միայն հիմնադրամից ասոցիացիայի անցման, ՏՏ ընկերությունների համախմբման միջոցով. «Պետք է մշակվի ռազմավարություն, զարգացման ուղղությունները նախանշվեն, հստակ գծագրվի հաղթանակի պատկերը»:
Ոլորտի մասնակիցների ուժերը համախմբելու կարևորությունը շեշտեց նաև Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության ղեկավար Գևորգ Թադևոսյանը. «Նման քննարկումները կարևոր են, որովհետև բիզնեսը պիտի խոսի, եթե չի խոսում ու խնդիրները չի ձևակերպում, խնդիրները չեն լուծվում: Եվ գործարարին մնում է կա՛մ համակերպվել, կա՛մ թողնել-գնալ: Կարևոր է, որ խոսի հենց գինու և կոնյակի արտադրությունը, որը մեր երկրի համար և՛ տնտեսության գերակա ճյուղ է՝ որպես գյուղատնտեսական հումքի կարևոր հիմնական վերամշակող, և՛ Հայաստանը ներկայացնող բրենդ: Եվ ընդհանրապես՝ արտադրողին ու հատկապես արտահանման արտադրանք թողարկող արտադրողին ոչինչ չպիտի խանգարի իր գործում»: