Երեւանում նոր 250 Մվտ հզորությամբ էլեկտրակայանի կառուցումը հնարավորություն կտա մոտ 1-1,5 դրամով նվազեցնել էլեկտրաէներգիայի սակագինը՝ միայն այդ գործոնով պայմանավորված: Այս մասին այսօր էլեկտրակայանի կառուցման շինարարության մեկնարկի միջոցառման ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը:
Բաղրամյանի խոսքով` նոր կայանը գալու է փոխարինելու Հրազդանի ՋԷԿ-ին, որն արդեն հին կայան է եւ որի օգտակար գործողության գործակիցը ցածր է:
«Հրազդանի ՋԷԿ»-ը հոսանք արտադրում է բավականին թանկ սակագնով: Միայն վառելիքային բաղադրիչը 31,5 դրամ է, որն արդեն 4 դրամ ավելի է: Այսինքն՝ հին ՋԷԿ-ի սակագինը 40-41 դրամի է հասնում: Այս նոր ՋԷԿ-ը էլեկտրաէներգիայի սակագնի վրա շուրջ 4 դրամ ավելի էժան է լինելու, եթե ընդհանուր սպառողների վրա տարածենք՝ 1-1,5 դրամ սակագնի նվազեցում կբերի»,- շեշտեց Բաղրամյանը:
Նա նշեց, որ նոր կայանը շուրջ 4 տոկոսով ավելի բարձր ՕԳԳ ունի, ինչը նշանակում է, որ էլեկտրաէներգիա արտադրելու համար ավելի քիչ վառելիք է ծախսում եւ, բնականաբար, ավելի էժան էլեկտրաէներգիա է ստացվում: