Այսօր Աժ-ում քննարկվում է Կառավարության ներկայացրած ՛Սահմանամերձ համայնքներին արտոնություններ տալու մասին ՀՀ օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Վաչե Տերտերյանին առաջարկ ներկայացրեց Աժ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
՛«Ուրախ եմ, որ Աժ-ում այսպիսի նախագիծ ենք քննարկում: Նախագծի վերջնական գնահատականը, իհարկե, կախված է նրանից, թե ինչ չափաքանակներ կսահմանի Կառավարությունը: Հայաստանում նախորդ տարվանից փորձնական իրականացվում է դպրոցներում երեխաներին սնունդով ապահովելու ծրագիր, այս տարի նախատեսվում է, որ այդ ծրագրի իրականացման շրջանակը ավելի քան չորս անգամ կընդլայնվի: Այսինքն՝ այն բնակավայրերի շրջանակը, որտեղ դպրոցահասակ երեխաները կապահովվեն սնունդով: Առաջարկս հետևյալն է՝ կամ բյուջեի նախագծով սահմանել կամ այս օրենքում ընդգծել, որպեսզի սահմանապահ համայնքների դպրոցների երեխաները նույնպես օգտվեն այս ծրագրից: Ճիշտ է, գործող ծրագրով մի քանի սահմանապահ համայնքներ արդեն իսկ կօգտվեն, բայց կարծում եմ՝ քանի որ այս մոտեցմանը հասել ենք, ճիշտ կլինի , որ այդ մոտ 40 կամ 50 համայնքները նույնպես ընգրկվեն այդ ծրագրում: Ընդ որում՝ դա, իմ կարծիքով, կարելի է անել առանց ծախսերը մեծացնելու: Ընդամենը՝ բյուջեի նախագծի մեջ որոշակի նախահաշվարկներ իրականացնելով»:
Վաչե Տերտերյանն ի պատասխան ասաց.
«6-րդ հոդվածի մասին, ցավոք, մենք փորձառություն ունենք նման խնդիրներ լուծելու: Վստահեցնում եմ, որ չափը, քանակը և կարգը հավուր պատշաճի կլինեն: Ինչ վերաբերում է դպրոցական սննդի ծրագրին, ապա ես կներկայացնեմ պատկան մարմինների քննարկմանը, գիտեմ, որ այնտեղ չափանիշներ կան և բնականաբար, սահմանամերձ համայնքների նկատմամբ որոշակի դիրքորոշում կա»: