տուն Լուրեր Նիկոլ Փաշինյանը՝ քցողների ու խաբողների մասին

Նիկոլ Փաշինյանը՝ քցողների ու խաբողների մասին

143
0

nikol pashinyan

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ԱԺ- ում այսօր հանդես եկավ ելույթով՝ Սահմանամերձ գյուղերին հատկացվելիք արտոնությունների վերաբերյալ:

«Ընդամենը երկու շաբաթ առաջ ՀՀԿ պատգամավորների մեծամասնության ու ԲՀԿ պատգամավորների մի մասի ջանքերով արգելափակվեց իմ առաջարկած օրինագծի քվեարկությունը՝ Սահմանամերձ շրջանների խնդիրների մասով: Ի՞նչ էր ներկայացնում իրենից իմ առաջարկած օրինագիծը: Նախ սահմանում էր նոր եզրույթ՝ Սահմանապահ համայնքի եզրույթը և այդպիսի կարգավիճակ տալ հայ-ադրբեջանական սահմանից մինչև 3 կմ հեռու գտնվող գյուղերին: Ինչո՞ւ սահմանապահ և ոչ սահմանամերձ: Որովհետև սահմանամերձ շրջաններին վերաբերող օրենքով հայ-թուրքական, հայ-վրացական, հայ-ադրբեջանական գյուղերը համահավասարեցված են: Ի՞նչ էր առաջարկվում այդ օրենքով. նրանց էլեկտրաէներգիայի, բնական գազի, ջրի վարձերի 50% հատկացնել բյուջեից: Գումարներ հատկացնել երիտասարդ ընտանիքներին: Փոխհատուցել նրանց հողի հարկն ու գույքահարկը: Սահմաններին վիրավորված քաղաքացիների բուժումն անցկացնել անվճար: Զոհվածների ընտանիքներին տրամադրել 2 մլն դրամ հուղարկավորության գումար, իսկ տները կորցրածներին նույն համայնքում տուն: Սա ցույց կտար, որ նրանք պետության քաղաքացի են, ու պետությունը կանգնած է նրանց թիկունքին այնպես, ինչպես իրենք սահմանին: Այս ամենը մեզ վրա կնստեր 2,5 միլիարդ դրամ: Այս օրենքի ընդգրկումն ԱԺ օրակարգ արգելափակվեց ՀՀԿ ու ԲՀԿ-ի մի մասի կողմից: ԲՀԿ-ի դիրքորոշումն ինձ դժվար կլինի այստեղ ներկայացնել: ՀՀԿ հիմնավորումները երկուսն էին. նրանք ասում էին , որ սահմանապահ եզրույթը պետք է հավելյալ քննարկել: Երկրորդը՝ ասացին, որ Կառավարությունը 6 խմբակցությունների հետ կազմում է շատ ավելի ուժեղ օրենսդրական նախաձեռնություն: Այն բաղկացած է 8 նախաձեռնություններից: Ու չնայած նրա անունը «Սահմանապահ համայնքներին հարկերից ազատելու մասին» օրենք է՝ 90% ով կապ չունի այդ ամենի հետ: Ի՞նչ է առաջարկվում կրպակներին, խանութներին: Լուցկի, ատամի չոփ, չայի կոնֆետ վաճառելու համար ունենան մեծ հաշվապահություն: Ու եթե հանկարծ այդ կրպակները խախտեն այդ պայմանները, տնով տեղով տոկոսի տակ կմտնեն ու ամեն ինչ կկորցնեն: Կառավարությունն ասում է, որ 2,5 միլիարդի հարկ պիտի հավաքեր այդ կրպակներից, չի հավաքում ու լավություն  է անում: Հավաքեք այդ գումարը ու վերադարձրեք կոնկրետ հասցեատերերին: Ամառվա մեր հանդիպումներից հետո նրանք սպասում են, թե էդքան խոստումներից հետո ինչ ենք անելու: Օրինակ, Այգեպար գյուղում եղել են թե գինու, թե ծխախոտի արտադրություններ: Այս օրենքով ոչ գինու, ոչ ծխախոտի արտադրողներին ոչինչ չի առաջարկվում: Ես դեմ եմ քվեարկելու այդ օրենքին, որովհետև այն ամառային-հայրենասիրական ուտուշ- խմուշներից հետո հերթական արհամարհանքն է այդ բնակիչների հանդեպ: Բայց վերնախավի քցելու մոտեցումն ինձ համար զարմանալի չէ: Այս դահլիճում էլ կան մարդիկ, ովքեր ժողովրդին խաբելու, քցելու մեծ փորձ ունեն: Կներեք, այդ բազմությանը միանալու ցանկություն չունեմ»: