Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն համայնքում լարված մթնոլորտ է: Գյուղացիները դուրս են եկել 15 տարի գյուղը ղեկավարող Կարո Գևորգյանի դեմ:
Araratnews.am-ին ահազանգած բնակիչները, որոնց անուններն իրենց խնդրանքով չենք հրապարակում, մանրամասներ պատմեցին գյուղի «քյոխվի» մասին:
«Խնդիրները շատ շատ են: Մեր գյուղը Հայաստանի ամենամեծ գյուղերից մեկն ա: Գյուղապետը ոչ մի բան չի անում, բացի իր անձնական կյանքը լավացնելուց: Օրինակ 2016թ.-ին դիզ վառելիք ա մտել գյուղ, սուբսիդիայով, բայց ոչ մի լիտր ոչ մի գյուղացու չի հասել: Գյուղապետարանի շենքը 20 մլն դրամով վերակառուցուման մրցույթ ա հայտարարել, ու հիմա 20 մլն-ը դարձել ա 56 մլն դրամ: Գյուղի հողերը օտարել ա անհայտ մարդկանց վրա, ու ոչ ոքի չի ասում՝ ովքեր են։ էդ հողերը ամենաթանկարժեքն են, որովհետեւ սահմանակից են ճանապարհին»,- վրդովված տեղեկացրեց մեր զրուցակիցը:
Համայնքի բնակիչները պնդում են, որ չարաշահումների մասին մի քանի բառով ասել հնարավոր չէ:
«Գյուղի Վերին Դուրան տարածքում ոռոգման ջրի համար խորքային հոր ա հորատել, բայց ջուր դուրս չի եկել, միլիոններ ա ծախսել վրեն ու փոշիացրել ա, հիմա գյուղացիներն ասում են բեր մի քիչ խորացրու, թող ջուր դուրս գա, չի անում: Լուրեր են պտտվում, որ խորքային հորը նախատեսվածից կրկնակի անգամ քիչ ա փորել:
Գյուղամիջյան կամուրջ ա սարքել. նախագծով եղել ա մեկ հենասյուն, բայց ընթացքում դարձրել ա երկու հենասյուն ու 6 մլն դուրս ա գրել բյուջեից: 2 տարի մանկապարտեզը սարքել ա ու մինչև հիմա չի աշխատեցնում։ Քանի որ հարսին ա նշանակել տնօրեն, սպասում ա, որ հարսը ավարտի, որ կարողանա օրենքով նշանակի տնօրեն, նոր մանկապարտեզն աշխատի: Մի ամբողջ գյուղ սպասում ա, որ գյուղապետի հարսը համալսարանն ավարտի, որ երեխաներին կարողանան տանել մանկապարտեզ:
Գյուղի եկեղեցին ա սարքել բյուջեի փողերով, բայց գյուղացիներին հայտարարել ա, որ բարերարների փողերով ա սարքելու։ Ու իրականում էլ գնացել էր Ռուսաստան, փող էր հավաքել եկեղեցին սարքելու համար»,- ասաց մեր զրուցակիցը, նշելով, որ «ամբողջ ազգ ու տակին տեղավորել ա աշխատանքի, ու գյուղապետի պաշտոնը մենակ իրան ա ծառայում»:
«Էս ամեն ինչը, որ ասում ենք ձեզ (նկատի ունի լրատվամիջոցին- խմբ.), մի մասն ա, որ հլը մենք գիտենք, բա որ գան ոստիկանությունից, 6-րդ վարչությունից ու սկսեն ստուգել՝ էնքան բաներ կպարզվեն, որ կարող ա նոր սկանդալ դառնա: Մեղք ենք, մենք էլ ենք մարդ»,- ասաց մեր զրուցակիցը:
Նշենք, որ գյուղապետ Կարո Գևորգյանը գյուղի ֆինանսական հաշվետվությունները պահում է գաղտնի, համայնքի բնակիչները բյուջեի մասին տեղեկատվություն չեն կարողանում ստանալ:
Ահազանգից հետո պարզաբանումներ ստանալու համար Araratnews.am-ը դիմեց նաև գյուղապետ Կարո Գևորգյանին։ Մանկապարտեզի մասին հարցին ի պատասխան Գևորգյանն ասաց, որ մանկապարտեզը գույք չունի, դրա համար էլ չի աշխատում, ապա հաստատեց, որ տնօրեն նշանակել է իր հարսին:
Գյուղապետը, սակայն, ասաց, որ մյուս տեղեկություններն իրականությանը չի համապատասխանում, դրանք սուտ են:
Իսկ տեղեկություններն իրականությանը համապատասխանում են թե ոչ, կարող են պարզել միայն իրավապահները:
Հարություն Մկրտչյան