Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացումը եղել է «Տաշիր գրուփ»-ի սեփականատեր Սամվել Կարապետյանի՝ ՀԷՑ-ը գնելու պայմանը: Այս մասին Araratnews.am-ին ասաց տնտեսագետ Վահագն Խաչատրյանը:
«Ընդհանուր առմամբ, մի մեծ ներկայացում էր, որի հիմնական նպատակը ՀԷՑ-ի վաճառքն էր: Նախօրոք սցենար էր գրվել, գնորդին գիտեին ե´ւ Կառավարությունը, ե´ւ ՀԾԿՀ-ն, ե´ւ նախարարները: Պայմաններից մեկն էլ սակագնի բարձրացումն էր, բայց սակագնի բարձրացումը չկապվեց «Տաշիր գրուփ»-ի հետ, հակառակը։ Երբ կարդում ենք հայտարարությունը, տեղեկանում ենք, որ սեփականատեր Սամվել Կարապետյանը պատրաստակամություն է հայտնել իր անձնական միջոցների հաշվին մինչև 2016թ. օգոստոսի 1-ը կառավարության հետ հավասար հիմունքներով փոխհատուցել սակագների տարբերությունը»:
Տնտեսագետի խոսքով՝ այս ամենին ավելանում է եւս մեկ բան, որ Սամվել Կարապետյանը «բարեգործ» է. «Թող ոչ ոք մեզ՝ բնակիչներիս «լավություն» չանի, սահմանեք սակագին, ինձ՝ որպես քաղաքացու ներկայացրեք հիմնավորում, իսկ «լավություններ» մեզ պետք չեն: Տեղի է ունեցել սակագնի բարձրացում, որը չպետք է լիներ եւ որի մասին պետք է խոսել, իսկ այդ բարեգործությունը պետք չէ մեր «աչքը մտցնել», մենք պետք է իրենց «աչքը մտցնենք», որ սակագինը բարձրացվել է բիզնեսի համար»:
Տեղեկացնենք, որ այսօր Կառավարության հերթական նիստին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Սամվել Կարապետյանին խորին երախտագիտություն է հայտնել ցուցաբերած պատրաստակամության համար:
Ինչ վերաբերում է «Դելոյթ և Տուշ» խորհրդատվական ընկերության հայտարարությանը, որով էլեկտրաէներգիան օգոստոսի 1-ից 6.93 դրամով բարձրացնելու ՀԾԿՀ-ի որոշումը համարվում է հիմնավորված, տնտեսագետը նշեց. «Մասնագիտական առումով ՀԾԿՀ-ի հիմնավորումն «ավելի ուժեղ էր», բացի դա՝ զերծ էր քաղաքական երանգներից, ինչը չի կարելի ասել «Դելոյթ և Տուշ»-ի հայտարարության վերաբերյալ»:
Վահագն Խաչատրյանը պնդեց՝ անգամ հաշվետվության մեջ ներկայացված դիզայնն է վկայում այն մասին, որ այդ ամենը ներկայացում էր, այլ ոչ թե մասնագիտական պատասխան. «Կարող են ասել՝ 21-րդ դար է, բայց մարդը ցանկանում է օգտվել դրանից եւ որոշ բաներ հասկանալ, այսինքն՝ ցուցամոլություն էլ կա այս ամենում, որ տեսեք՝ մենք կարող ենք այսպիսի բաներ անել: Բովանդակային առումովч ոչինչ չկա այդ հաշվետվության մեջ»:
Ըստ տնտեսագետի՝ այդ հաշվետվությամբ որևէ նոր բան չասացին, հակառակը ամրապնդեցին այն տեսակետը, որ ՀԷՑ-ը եղել է անարդյունավետ, անվերահսկելի կառույց, իսկ բացթողումների պատասխանատուն էլ դառնում է քաղաքացին:
Հիշեցնենք՝ երեկ «Տաշիր գրուփ»-ը և «Ինտեր ՌԱՕ»-ն պայմանագիր են ստորագրել Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկ ակտիվների առքուվաճառքի մասին։