Գեղարքունիքի մարզի նախկին դատավոր Անահիտ Սաղաթելյանի գործը վարչական դատարանը վարույթ է ընդունել: Գործը քննելու է դատավոր Գրիգոր Սամվելի Առաքելյանը: Այս մասին Araratnews.am-ը տեղեկացավ դատավոր Անահիտ Սաղաթելյանից: Առաջին դատական նիստի օրը դեռ հայտնի չէ:
Հիշեցնենք՝ Անահիտ Սաղաթելյանը ավելի քան 10 տարի պայքարում է դատավորի իր աշխատանքը վերականգնելու համար: 2004 թ. ՀՀ նախագահի հրամանագրով դադարեցվել էին Գեղարքունիքի մարզի դատավոր Անահիտ Սաղաթելյանի լիազորությունները: Նրան մեղադրում էին արդարադատություն իրականացնելիս խախտումներ թույլ տալու համար: Անահիտ Սաղաթելյանը դիմել էր առաջին ատյանի դատարան, որը նրա գործը մերժել էր` իրեն ընդդատյա չլինելու պատճառով: Վերաքննիչ դատարանը բեկանել էր առաջին ատյանի վճիռը եւ վարույթ էր ընդունել Սաղաթելյանի հայցը: Բայց կարճել էր` հայցն անհիմն համարելով: Վճռաբեկ դատարանը 2005-ին բեկանել էր վերաքննիչ դատարանի որոշումը, ճիշտ համարել առաջին ատյանի դատարանի վճիռը եւ գործի վարույթը կարճել:
Անահիտ Սաղաթելյանը դատական երեք ատյաններում արդյունքի չհասնելուց հետո դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան: ՄԻԵԴ-ը վճռել է` խախտվել է Անահիտ Սաղաթելյանի արդար դատաքննության իրավունքը: ՄԻԵԴ-ի այս որոշումից հետո վճռաբեկ դատարանը բեկանել է 2005-ի վճռաբեկ դատարանի վճիռը եւ այն ուղարկել առաջին ատյանի վարչական դատարան` քննության:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ