Araratnews.am-ի զրուցակիցն է ԱԺ պատգամավորի թեկնածու Բազմասեր Առաքելյանը: Նշենք, որ նա ԲՀԿ անդամ էր, սակայն 2015 թվականի փետրվարյան հայտնի իրադարձություններից հետո լքեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը` ակտիվորեն համագործակցելով ՀՀԿ-ի հետ: Առաքելյանը պարբերաբար Բաղրամյան 26 էր գնում: Այցերն աննպատակ չանցան: Առաքելյանը ապրիլյան խորհրդարանական ընտրություններում ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել է Արագածոտնի մարզից` ՀՀԿ ցուցակով:
ՀՀԿ-ական դառնալու մտադրությո՞ւն ունեք:
Ես առաջադրվել եմ ՀՀԿ ցուցակով:
Նույն ընտրատարածքում ՀՀԿ-ն առաջադրել է այլ անձանց, ձեր շանսերն ինչպե՞ս եք գնահատում:
Բոլորին էլ լավ ճանաչում եմ, բոլորն էլ իմ հայրենի մարզի ներկայացուցիչներն են, բոլորն էլ իմ ընկերներն են: Մրցակցությունը նորմալ, արդար պայքար է լինելու, գնանք ընտրություններ, արդյունքներից կերեւա:
Դուք ինքներդ ձեր շանսերն ինչպե՞ս եք գնահատում:
Շատ բարձր:
Ինչի՞ց ելնելով:
5 տարի պատգամավոր եղած ժամանակահատվածում ես արդեն պատկերացրել եմ` ի՞նչ է նշանակում, այդ ժամանակ էլ արել եմ ամեն ինչ իմ ուժերի ներածին չափով, դա ժողովուրդը երբեք չի մոռանա:
Օրինակ` ի՞նչ եք արել, որ ժողովուրդը չի մոռացել:
Հարցրեք իմ տարածքի բնակիչներին:
Միեւնույն ժամանակ կա տեսակետ, որ նույն տարածքում առաջադրվող նույն կուսակցության անդամները եւս պայքարելու են իրար դեմ:
Իրար դեմ ասվածը հարաբերական է, ի՞նչ է նշանակում պայքարել իրար դեմ:
Դա այն է, որ, ասենք, դուք անելու եք հնարավոր ամեն ինչ, որ ավելի շատ ձայն ստանաք, քան մյուս ՀՀԿ-ականները:
Այո, կոռեկտության սահմաններում պետք է անեմ ամեն ինչ:
Կան տեղեկություններ, որ ռեյտինգային ընտրակարգով առաջադրվող ՀՀԿ-ականները արդեն իսկ ընտրակաշառք են բաժանում:
Դրանք ասեկոսեներ են, ես ասեկոսեների եւ պրովոկացիաների չեմ ենթարկվում:
Պարոն Առաքելյան, որոշումը` առաջադրվել ՀՀԿ ցուցակով, եղել է Սերժ Սարգսյանի՞ց:
Ստացել եմ նախագահի առաջարկությունը եւ հաճույքով ընդունել եմ:
Ինչպե՞ս եք պատկերացնում համագործակցությունը մի ուժի հետ, որին նախկինում դեմ եք եղել:
Ես երբեք որեւէ մեկին դեմ չեմ եղել:
Դուք ԲՀԿ-ից էիք, իսկ այդ կուսակցությունը գործող իշխանությանը դեմ էր:
Այլընտրանք էր:
Հետո ընդդիմություն դարձավ:
Երբ ընդդիմություն դարձավ, ես արդեն ԲՀԿ անդամ չէի:
Հարցազրույցը` Փայլակ Ֆահրադյանի