Նախիջևանը գտնվում է ռազմական տեխնիկայի, սպառազինության կուտակումների ակտիվ փուլում, և դա մտահոգիչ է Հայաստանի համար: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, ավագ փորձագետ Կարեն Վերանյանը:
Բանախոսն ընդգծեց, որ մտահոգության տեղիք տվող մի քանի փաստեր կան, որոնց պետք է ուշադրություն դարձնել. «Նախ` ապրիլյան ռազմական գործողություններին հաջորդող մի քանի ամիսներին Նախիջևանում որոշակի ռազմական կուտակումներ եղան, որոնք մտահոգությունների առիթ տվեցին: Մեկ այլ փաստ, որը ևս մտահոգիչ է Հայաստանի պաշտպանական անվտանգության տեսանկյունից և պետք է արձանագրել, այն է, որ վերջերս Նախիջևանում նոր զինվորական գունդ բացվեց, որին ներկա էր Ալիևը: Մտահոգության տեղիք է տալիս նաև զինատեսակները, որը մատակարարվում է Նախիջևան: Նշվում է որ խոսքը շուրջ 300-350, որոշ աղբյուրի տվյալներով էլ` 400 միավոր ռազմական տեխնիկայի մասին է: Առավել մտահոգիչ է մասնավորապես «Սմերչ» տեսակի համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի մատակարարումը Նախիջևան»:
Նշված գործընթացներին հակազդելու և իրավիճակը վերահսկելու համար, բանախոսի խոսքով` հայկական կողմը լուրջ և արդյունավետ քայլեր է ձեռնարկում:
Կարեն Վերանյանը նաև ընդգծեց, որ այնուամենայնիվ առկա ռեսուրսները, հնարավորությունները ճիշտ օգտագործելու արդյունքում Հայաստանը կարող է Նախիջևանն օգտագործել որպես խաղաքարտ արցախյան հիմնախնդրի կարգավորման հարցում:
Մանրամասները` տեսանյութում:
Էմմա Հովսեփյան