«Աշտարակ կաթ» ընկերության խնդիրներով այս փուլում ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը չի զբաղվում: Այս մասին ի պատասխան Araratnews.am-ի հարցի՝ հայտնեցին նախարարության լրատվության բաժնից:
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունից ասացին, որ Կառավարությունից հանձնարարական են ստացել հասկանալ, թե «Աշտարակ կաթ» ընկերությունն ինչ խնդիրներ ունի, եւ դրանց մասին իրենց տեղյակ պահել, ինչը եւ արվել է:
«Տվյալ փուլում նախարարությունը կառավարությունից հանձնարարական չի ստացել, այդ հարցով չի զբաղվում, հենց հանձնարարական ստանա` կզբաղվի»,- հավելեցին նախարարության լրատվության բաժնից:
Նշենք, որ ընկերությունն ահազանգել է նաեւ Կառավարության թեժ գիծ՝ աջակցության ակնկալիքով: Լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում վարչապետ Կարեն Կարապետյանի խորհրդական Ալեքսանդր Խաչատուրյանն ասել է, որ ընկերությանը առաջարկել են ներկայացնել ֆինանսական առողջացման ծրագիր, որից պարզ կլինի՝ կառավարությունն ինչ քայլեր կարող է ձեռնարկել:
Վարչապետ Կարեն Կարապետյանի խորհրդական Շուշան Սարդարյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ վարչապետը, ինչպես մամուլում տեղ գտած յուրաքանչյուր խնդրի, այնպես էլ «Աշտարակ կաթ» ընկերության խնդրի մասին տեղեկատվություն ունի: Թե ինչ դիրքորոշում է հայտնել՝ Սարդարյանը չմանրամասնեց՝ հորդորելով դիմել տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն:
Կաթնամթերքի շուկայում գերիշխող դիրք ունեցող «Աշտարակ կաթ» ընկերությունը, հիշեցնենք, մոտ 10 օր է՝ ինչ դադարեցրել է արտադրանքի մատակարարումը: Խնդիրների մասին ընկերությունը որևէ պաշտոնական պարզաբանում չի տվել: Ավելի վաղ Araratnews.am-ի հետ զրույցում ընկերության մարքեթինգի բաժնի ղեկավար Արթուր Առաքելյանը պարզաբանել էր, որ «Աշտարակ կաթը» հսկայական պարտեք է կուտակել աշխատակիցների, կաթ մթերող գյուղացիների, գործընկերների ու պետության նկատմամբ: