Բաղրամյան 26. նախագահի նստավայր: Այստեղ նստել է առաջին նախագահ Լեւոն Տեր- Պետրոսյանը, հետո` Ռոբերտ Քոչարյանը, ապա` երրորդ նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանը: Չորրորդ նախագահն այս շենքում անելիք չի ունենա: Հայաստանի նոր նախագահի նստավայրը Բաղրամյան 26-ից տեղափոխվելու է Մաշտոցի 47: Խոսքն այս կառույցի մասին է, որը կառավարության ընդունելությունների տունն է եւ ծառայում է հիմնականում պատգամավորների երդման արարողությունը կազմակերպելու համար: Ներկայումս շինարարական որոշակի աշխատանքներ են տեղի ունենում: Մարտի 2-ին կընտրվի չորրորդ նախագահը, ով կունենա ծառայողական առանձնատուն Երևանում` համապատասխան սպասարկմամբ, պետական ամառանոց Սևանում՝ ապահովված համապատասխան գույքով և սպասարկմամբ, հատուկ նշանակության ավտոտրանսպորտ:
Հանրապետության նախագահի առողջական վիճակին հետևելու նպատակով առանձնացվելու է անձնական բժիշկ: Չորրորդ նախագահի թեկնածուն մեկն է. Արմեն Սարգսյանը: Նա հանդիպումների շարք է սկսել քաղաքական ուժերի, հասարակական սեկտորի ներկայացուցիչների հետ: Ավարտից հետո կազդարարի իր որոշման մասին, մինչ այդ ՀՀԿ-ում ցանկություն ունեն, որ Սարգսյանի որոշումը դրական լինի:
Վերադառնանք դարձյալ Բաղրամյան 26: Այստեղ տասը տարի անցկացրել է ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը: Արդարադատության նախարարությունը մշակել է օրենսդրական նախագիծ, որում ամրագրվել է, որ ապագա վարչապետի նստավայրը լինելու է Բաղրամյան 26-ը: Վարչապետն ունենալու է ծառայողական առանձնատուն, հատուկ նշանակության ավտոտրանսպորտ, հատուկ սարքավորված ինքնաթիռ եւ ուղղաթիռ: Վարչապետի առողջական վիճակին հետեւելու նպատակով առանձնացվելու է անձնական բժիշկ: Վերը նշված հնարավորություններն այսօր ունի բացառապես Սերժ Սարգսյանը: Մամուլի հրապարակումների համաձայն` հենց Սերժ Սարգսյանն էլ կլինի ապագա վարչապետը, այլ կերպ ասած, օրենսդրական նախագիծը մշակվել է հենց Սարգսյանի «հագով»:
Հանրապետության հրապարակում գտնվող կառավարության շենքում էլ կնստեն առաջին փոխվարչապետը, մյուս երկու փոխվարչապետներն ու նրանց սպասարկող ապարատը: Դարձյալ քաղաքական կուլիսներում եւ վերլուծական դաշտում քննարկում է՝ սա էլ արված է Կարեն Կարապետյանի համար:
Կարճ ժամանակ անց Հայաստանն անցում կկատարի կառավարման խորհրդարանական համակարգի: Կառավարման կարգի փոփոխության ու իշխանության անցման շրջան, որտեղ պետական ինստիտուտների ու հիմնական օրենքի վերաձեւումն ուղղված է իշխող համակարգի անցնցում վերարտադրությանը: Հայաստանը խորհրդարանական երկիր է, որտեղ իշխանությունն ամուր կառչած է մեկ հասցեից, այն Բաղրամյան 26-ն է:
Փայլակ Ֆահրադյան