ԱԺ-ում ՀՀԿ-ական պատգամավորներ Կարեն Ավագյանի և Հրայր Թովմասյանի ներկայացրած բժիշկների դեմ բռնություն գործադրողների պատիժը խստացնելու մասին օրենքի նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ: Մինչ քվեարկությունը վարման կարգով ելույթ ունեցավ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը:
Նա ասաց, որ սա ակնհայտորեն առաջադիմական փոփոխություն է, և «Ելք» խմբակցությունը կողմ է քվեարկելու սրան: «Բայց մեկ վերապահում ունեմ. ինձ համար առնվազն տարօրինակ էր, երբ որ այլընտրանքային կարծիք էր հնչում ՀՀԿ խմբակցությունից, մի անգամից սաստեցիք, թե ներկուսակցական հարթակ կա, նորմալ է, կարծում եմ»,- ասաց նա: Պատգամավորի այս դիտարկմանն արձագանքեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը. «Դուք մեր ներկուսակցական հարցերով մի՛ զբաղվեք, հանգի՛ստ եղեք»:
ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանն էլ նշեց, թե ուրախ է, որ «Ելքը» կողմ է քվեարկելու: «Ինչ վերաբերում է իմ նկատառմանը, ապա այն հետևյալն էր` ես իմ գործընկերոջ մասնագիտական դիտարկմանը չեմ անդրադառնա ԱԺ ամբիոնից, հաշվի առնելով, որ մենք կարող ենք հանձնաժողովում մասնագիտական քննարկում ծավալել: Սաստելու ոչինչ չկա, խնդրում եմ` մի՛ խեղաթյուրեք»,- հայտարարեց նա: Շարմազանովը Հովհաննիսյանի ելույթին էլ միջամտեց ասելով` ամե՛ն:
Նշենք, որ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուստամ Մախմուդյանն էր ասել, թե այս նախագծի ընդունումը ժամանակավրեպ է: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ևս վարման կարգով ելույթ ունեցավ: «Ես կոչ եմ անում նախագծի վերաբերյալ քվեարկությունը չքաղաքականացնել, այլ քվեարկել սեփական համոզմունքներին և խղճին համապատասխան»,- ասաց նա:
Ի վերջո, նախագիծը դրվեց քվեարկության եւ ընդունվեց 56 կողմ, 2 դեմ և 23 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:
Փայլակ Ֆահրադյան