տուն Լուրեր Նախագահի հետ հանդիպմանը ես պետք է պատրաստ լինեմ

Նախագահի հետ հանդիպմանը ես պետք է պատրաստ լինեմ

70
0

ՀՀԿ-ի կողմից առաջադրված նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը շարունակում է իր այցելությունները հայաստանյան ուսումնական կենտրոններ: Այս անգամ նա եղավ ԹՈՒՄՈ կենտրոնում, որտեղ էլ պատասխանեց լրագրողների մի քանի հարցերին:

Նախքան հարցերին անցնելը՝ Արմեն Սարգսյանը խոսեց ԹՈՒՄՈ-ի մասին և նշեց, որ կենտրոնը ցույց է տալիս Հայաստանի ապագան, թե մեր երկիրը դեպի ուր է գնում. «Ես հավատում եմ, որ եթե մենք ծրագրում ենք և երազում մեր հանրապետության ապագայի մասին, թե որտեղ ենք մենք գնալու այսօրվանից, ապա ԹՈՒՄՈ-ն առաջին ծաղիկն է, որը ուղի է ցույց տալիս, թե Հայաստանը ուր պետք է գնա: Բնական է, Հայաստանը պետք է ունենա տնտեսության բոլոր ոլորտներում հաջողություն՝ գյուղատնտեսությունից մինչև շինարարություն, արդյունաբերությունից մինչև բանկային համակարգ, դա հստակ է: Բայց կա արդյո՞ք մեկ ուղղություն, որը  թույլ է տալու մեզ՝ հայերիս, որոնք ապրում են Հայաստանում և ունենք շատ քիչ բնական ռեսուրսներ, դուրս գալ իրական մեծ շուկա: Կա՞ մի ոլորտ, որ մենք կարող են օգտագործել ու կարող ենք օգտագործել ոչ միայն Հայաստանի ներքին ռեսուրսները, այլ նաև բերել սփյուռքահայերին: Կարծում եմ՝ այդ ուղղությունը կա, դա ժամանակակից տեխնոլոգիներն են, և դրանց ճիշտ կազմակերպումը և միջազգային շուկա դուրսբերումը, և այդ շուկան առնվազն մեզ համար եվրասիական տարածքն է, և քանի որ Հայաստանն  այսօր լավ, խոր հարաբերություններ ունի Եվրամիության հետ, հետևաբար, մենք երկուսի միջև կամուրջ ենք»:

Նախագահի թեկնածուն, պատասխանելով հարցին, թե երբ կհայտնի որոշման մասին, նշեց. «Իմ աշխատանքը մեկն է՝ ես աշխատում եմ, հանդիպումներ եմ ունենում և այս աշխատանքով պատրաստվում եմ իմ հաջորդ հանդիպմանը ՀՀ նախագահի հետ մոտակա օրերին, ե՞րբ՝ չեմ կարող ասել, օրենքով սահմանված ժամանակաշրջանում: Եվ «երբ»-ը էական չէ, որովհետև այդ հանդիպմանը ես պետք է պատրաստ լինեմ»:

Ինչ վերաբերում է մյուս հարցին, թե Արմեն Սարգսյանը Հայաստանից հեռու որքանով է տեղյակ Հայաստանի խնդիրներին, ընդգծեց. «Ես հայաստանից չեմ գնացել, ես եկել եմ Հայաստան, ուղղակի դուք ինձ չեք ճանաչել հավանաբար, ես հաճախ Հայաստանում եմ եղել, խնդիրներին ծանոթ եմ»:

Այլ հարցերի Արմեն Սարգսյանը հրաժարվեց պատասխանելուց, նշելով, որ եթե ընդունի նախագահի առաջարկը, պարբերաբար կհանդիպի լրագրողների հետ. «Ժուռնալիստների նկատմամբ իմ հարգանքը շատ մեծ է, և ձեր դերը մեր հանրապետության մեջ շատ մեծ է, բայց այդ դերը բարձր որակ պետք է ունենա: Այդ դերում դուք պետք է լինեք անաչառ, ես ձեզ դաս չեմ տալիս, ես ձեզ ասում են այն սպասելիքը, որ ունեմ որպես անձ, հավանաբար շատ հայեր էլ նույնն ունեն: Եվ պետք է պայքարեք վատի դեմ, բայց նաև աջակցեք և քաջալերեք լավը, այնպես որ, որևէ կասկած չունենաք՝ եթե ես որոշում ընդունեմ, հանրապետության նախագահի հետ երկրորդ հանդիպումից հետո ձեր հետ պարբերաբար հանդիպելու եմ և հանգիստ զրուցեմ, բայց հիմա ձեր տված շատ հարցերի պատասխան չունեմ»:

Արմեն Սարգսյանը նաև տեղեկացրեց, որ Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ևս կհանդիպի: